Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կլիմայի տաքացման ծայրահեղ դրսևորումները․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերլուծությունը

Փետրվար 25,2025 23:35

Կլիմայի գլոբալ տաքացումը ազդում է Հայաստանի վրա, բայց ինչպե՞ս է այն ազդել ծայրահեղ շոգ և ցուրտ եղանակների կրկնելիության վրա։ Այս հարցն են ուսումնասիրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կլիմայի ծառայության աշխատակիցները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական թագավորական օդերևութաբանական ասոցիացիայի «International Journal of Climatology» գիտական ամսագրում։

ՀՀ 40 օդերևութաբանական կայանների վերջին հինգ տասնամյակներում գրանցած տվյալների համաձայն էքստրեմալ տաք ջերմաստիճանները դարձել են ավելի հաճախակի, այնինչ հակառակ պատկերն է դիտվում էքստրեմալ ցուրտ ջերմաստիճանների փոփոխության միտումներում։

Սա կլիմայի տաքացման ակնհայտ ազդեցությունն է մեր երկրի վրա։

Պարզվել է, որ ջերմաստիճանի տաքացման տեմպերը ամենից ուժգինն են ամռանը։ Ավելին, տեղի է ունենում ջերմաստիճանի անհամաչափ տաքացում, որի հետևանքով ցերեկային ջերմաստիճանները ավելի արագ են բարձրանում։ Արդյունքում, էքստրեմալ բարձր ջերմաստիճանները և ջերմային ալիքները՝ երկարատև շոգ եղանակները, վերջին տասնամյակներին, դարձել են ավելի հաճախակի։

Հիշեցնենք, որ Մեղրիում 2011 թվականի հուլիսի 31-ին oդի առավելագույն ջերմաստիճանը 43․7 °C էր, իսկ Արարատյան դաշտում՝ 2017 և 2018 թվականների ամռանը օդի առավելագույն ջերմաստիճանը գերազանցեց 42 °C-ը։

2000 թվականից  ի վեր ջերմային ալիքների տևողությունը Երևանում մոտ 2-3 անգամ ավելին է, քան դրա արվարձաններում։

Ամռան շոգ օրերին Երևանի կենտրոնում օդի ջերմաստիճանը կարող է 3-5 °C-ով բարձր լինել հարակից բնակավայրերի համեմատ՝ հատկապես գիշերային ժամերին։

Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ խոշոր քաղաքները ավելի դանդաղ են սառչում գիշերային ժամերին և հանդես են գալիս որպես «ջերմային կղզիներ»։

Որոշ օրերին գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը հնարավոր է չնվազի 26-28 °C-ից, ինչը կարող է հանգեցնել ջերմային սթրեսի և առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728