Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ նրա ուշագրավ հայտարարությունը

Փետրվար 25,2025 21:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրին 12 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը մասնակցելու է մարտի 30-ին կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին ու այն որակում է․ «Ոչ թե պայքար հանուն քաղաքապետի, այլ թուրքահպատակներին Հայաստանից վռնդելու», օրերս ուշագրավ, գյումրեցիների համար ինչ-որ տեղ զարմանալի հայտարարություն արեց կոալիցիա կազմելու մասին։

Վարդան Ղուկասյանը, որն այդ նույն քաղաքապետի աթոռի համար 2008 թվականին թեժ ու անզիջում պայքարի մեջ է եղել Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ (գյումրեցիներն այդ ժամանակ կատակում էին, թե «կհաղթի նա, ով կենդանի կմնա») ավելին՝ նրանց միջև տարիներ շարունակ լարվածություն կար (Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը քրեակատարողականում դեռ իր պատժին է կրում Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդկանցից մեկի՝ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության մեղադրանքով), ընտրություններից հետո չի բացառում հնարավոր համագործակցությունը ԱԺ պատգամավորի հետ։

«Եթե տեսնում եմ մարդու հետև մարդ կանգնած չէ, միանշանակ հնարավոր է համագործակցությունը, իսկ եթե տեսնում եմ հետը ուրիշ մարդիկ, որ ասենք դրանք են բերել Նիկոլին, Նիկոլին ով որ բերել է, դրա հետ չեմ միանա, երբեք»,-ասում է նախկին քաղաքապետը՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցում։

Վարդան Ղուկասյանը նաև պարզաբանում է, թե ինչու է ստեղծվել այդ լարվածությունը, ով է մեղավոր այդ հարցում։

«Բացեք ստատիստիկան, նայեք՝ թե էն ժամանակներում ինչ է եղել, էսօր ինչ կա, էն ժամանակ է կրիմինալը շատ եղել, թե՞ էսօրվա դրությամբ։ Համեմատեք մնացած քաղաքների հետ ու կտեսնեք, որ ամենախաղաղը եղել է իմ ժամանակ, որովհետև բոլոր թաղերն իրար հետ ընկերություն են արել՝ և՛ Արցախ թաղամասն է ինձ հետ մոտիկ եղել, իրենց ամենալավ տղեքը, հաց ենք կերել իրար հետ, և՛ Մարտունիկի ծնողները՝ հայրը Կամոն, մյուսը, մյուսը, որ էսպես իրենք․․․

Չնայած պետությունը սարքեց, պետությունն է արել, բաժանիր, որ տիրես, վախեցան, որ գյումրեցիները պետական վերին կառույցները կվերցնեն, դրա համար իրենք չէին թողնում, որ մարդիկ շատ աճեն»։

Վարդան Ղուկասյանը նախքան ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվելն ու ազատ արձակվելն էլ, հայտարարել էր, որ չի համագործակցելու ՔՊ-ի հետ։

«Ամենապասլեդնի մարդկանցից պիտի լինեմ, որ Արցախը հանձնող, դավաճան բառը ներկայացնող կառույցի հետ ճանապարհ գնամ»,-ասել էր նա:

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը Aravot.am-ին տված հարցազրույցում նույնպես բացառել էր համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Նա ասել էր, որ եթե գյումրեցիների քվեների կեսից ավելին չստանա ու անհրաժեշտություն առաջանա այլ ուժերի հետ համագործակցության, ՔՊ-ի հետ երբեք չի համագործակցի։

Նշենք, որ այս երկու ուժերն էլ դեռ ազդեցիկ են Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728