«Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է ինչ-որ մեղադրանք, Հայաստանի Հանրապետությունում երբևէ գոյություն չունեցած հոդվածով, այ սա է ֆունդամենտալ խնդիրը: Հիմա դատարանն ի՞նչ գործողություն պետք է անի, եթե բերել են մեղադրանք, որի մեջ մարդուն մեղադրել են 548-րդ հոդվածով ինչ-որ արարք կատարելու համար, այն դեպքում, երբ նման հոդված գոյություն չունի: Դատարանը չի կարող ասել` դե լավ ընդունել եք, ուրեմն բերեք քննենք, ապացույցները հետազոտենք, գործընթաց անենք, վերջում կհասկանանք, որոշում կկայացնենք», – այսօր Հակակոռուպցիոն դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը հետաքրքրվեց՝ ինչ պետք է անի դատարանը, եթե ստանում է գործը:
«Դատարանը պետք է այդ գործը չքննի, ոչ մի բան չանի, արձանագրի, որ այս մեղադրանքը գոյություն չունի, ավարտի: Այսինքն ի՞նչ՝ դատարանը պետք է հետազոտի, որ պարզի, որ Ռոբերտ Քոչարյանը չի արել մի բան, որը նախատեսված չի Հայաստանի Հանրապետության իրավական օրենսգրքո՞վ: Սույն դեպքում դատարանը իր կաբինետում ուղղակիորեն պետք է արձանագրի, որ այս գործը չի կարող շարունակել, դրան է ուղղված մեր առարկությունները»,- արձագանքեց Արամ Օրբելյանը:
Երբ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձեց հայտարարություն անել, նիստը նախագահողը գովեստի խոսքեր շռայլեց՝ դուք դատավարության ամենակարգապահ մասնակիցն եք, ասեք, լսում եմ ձեզ:
Կարդացեք նաև
– Իմ պաշտպանը սկսեց միջնորդություն ներկայացնել, դուք ընդհատում եք նրան, ինքն ունի իր փաստարկները, այդ թվում՝ ԱԺ որպես պատգամավոր անձեռնմխելիության հետ կապված հարցը: Այդ հարցը մենք գիտենք, եթե այդ հարցը գիտեք, ինչո՞ւ մեղադրողները չգիտեն: Ինչո՞ւ եք ընդհատում իմ պաշտպանին: Այդ պարագայում անիմաստ է նստել այստեղ, միջնորդություն ներկայացնել: Անընդհատ ընդհատում եք, անցնենք առաջ, ո՞ւր անցնենք առաջ, էդ ո՞ւր եք շտապում դուք,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, անիմաստ են նիստերի դահլիճում նստել, եթե իրենք մեղադրյալի կարգավիճակ չունեն, անձեռնմխելիությունից էլ զրկված չեն. «Եթե հիմա վեր կենամ, գնամ, դատարանը կարձանագրի, որ անկարգապահ եմ, չէ՞»:
Նիստը նախագահողն էլ արձագանքեց, թե այս փուլում Օհանյանի պաշտպանը պաշտպանության կարիք չունի, բացի այդ դատարանը ցանկացած պահի կարող է ընդհատել, ասաց՝ պարտավոր են լսել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ