Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը. ընդունվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 25-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը:
Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղիով զարգանալու ճանապարհը: Ալեն Սիմոնյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:
«Անցնող տարիների ընթացքում Եվրոպական միության խորհրդարանը եղել է արդարության, ազատության ջահակիրը եվրոպական ինստիտուտների շրջանում»,- փաստել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ու հավելել՝ Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգը: Համանախագահը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովը հավանության է արժանացրել այն նախագիծը, որով մեր երկիրը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը: «Սա մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի պահանջն էր, եւ խորհրդարանում իշխող մեծամասնությունը որոշեց ընդառաջել այս նախաձեռնությանը եւ Կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով առաջ տանել գործընթացը»,- ընդգծել է Արման Եղոյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում ձեռքբերումներին՝ պատգամավորն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: «Սա մի որոշում էր, որին մենք շատ տեւական ժամանակ սպասել ենք եւ աշխատել ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլեւ ԵՄ անդամ երկրների հետ առանձին»,- նշել է Արման Եղոյանը եւ շնորհակալություն հայտնել ԵՄ անդամ 27 պետություններին՝ երկխոսությունը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ մի քանի տարիների ընթացքում վիզաների ազատականացումը կդառնա իրողություն:
Արման Եղոյանը կարեւորել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի միջոցով Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաեւ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի խոսքով էլ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան սերտ հարաբերություններ երբեք չեն ունեցել: «Մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք հավատում ենք ժողովուրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան: Եվրոպական խորհրդարանն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն ինչ կախված է նաեւ Հայաստանից, թե ինչ բնույթի հարաբերություններ է ձգտում ունենալ»,- նշել է Նիլս Ուշակովսն ու փաստել՝ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի եւ կդիտարկվի ըստ պահանջների, առաջնահերթության եւ չափորոշիչների: «Կարեւոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան՝ ինչ մարտահրավերներ ակնկալեն եւ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- հավելել է համանախագահը:
Նա կարեւորել է այն հանգամանքը, որը Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը եւ դարձել Միջազգային քրեական դատարանի անդամ: «Այսպիսի մարտահրավերների պայմաններում Հարավային Կովկասում շատ կարեւոր է, որ մեր անվտանգային համագործակցությունը զարգացնենք: ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Նիլս Ուշակովսը եւ խոսել Ադրբեջանի կողմից այս համագործակցությունը մերժելու ու ԵՄ առաքելությունը Հայաստանում դադարեցնելու ցանկության մասին:
«Հայաստանը հանձն է առել խաղաղության օրակարգ, եւ մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,- նշել է համանախագահը:
Եվրոպացի պատվիրակը փաստել է նաեւ, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաեւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարեւոր է տարարածաշրջանի կապերի եւ ենթակառուցվածքների բացման համար: Այս համատեքստում նա կոչ է արել Անկարային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն առանձնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից:
Օրակարգի եւ 2023 թվականի մարտի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Առանցքում են եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ամրապնդման, Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների օրակարգերը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսել է արդարադատության ոլորտում բարեփոխումների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին: Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ոլորտում անելիքները բազմաթիվ են եւ ստանձնած քաղաքական հանձնառությունը միտված է մեկ հիմնական խնդրի լուծմանը, որ արդարադատությունը սպասարկի արդարության շահը:
Նախարարն անդրադարձել է նաեւ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտում անելիքներին: Նախատեսվում է ունենալ նոր բանտային համակարգ, նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ, կբարձացվեն պրոբացիայի ծառայության կարողությունները:
«Վերջին տարիներին Եվրամիության հետ հարաբերություններում գրանցված առաջընթացը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու երկկողմ օրակարգը, տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,- ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Փոխնախարարի խոսքով ՀՀ քաղաքացիները ցանկանում են ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ, ինչի ապացույցն է ԵՄ-ին անդամակցելու՝ խորհրդարան ներկայացված նախաձեռնությունը: Պարույր Հովհաննսյանը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերը, հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման եւ անվտանգության ոլորտներում բարեփոխումների համատեքստում:
«Հայաստանը շնորհակալ է Եվրամիությանը՝ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու համար»,- ասել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը եւ հավելել, որ այն նպաստում է Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում կայունության պահպանմանը եւ նվազեցնում էսկալացիայի հավանականությունը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարեւորել է մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդման հանձնառությունը, այս համատեքստում խոսել կոնկրետ ծրագրերի ու քայլերի մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի առանձնահատկություններին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին անդրադառնալով՝ դեսպանը փաստել է՝ փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արդյունավետ է համարել ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցությունը: Նա անդրադարձել է միգրացիոն բնագավառում իրականացվող գործողություններին՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում ոլորտի կառավարման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ: Նախարարը խոսել է նաեւ ոստիկանության ոլորտի բարեփոխումներից, պարեկային ծառայության գործարկումից հետո գրանցված դրական արդյունքներից: Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մշակմանը:
Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակներին, ճանապարհային քարտեզին ու ժամկետներին: Այս համատեքստում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը կարծիք է հայտնել, որ պետք է փորձել խուսափել ոչ իրատեսական սպասումներից ու ակնկալիքներից եւ ասել ժողովրդին, թե ինչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալ, ընտրել այս ճանապարհը, ինչ ենք փոխելու մեր երկրում եւ միջազգային հարաբերություններում: «Մենք երբեւէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակացույցի հետ կապված: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սա երկարատեւ գործընթաց է»,- փաստել է նա:
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է՝ կունենանք կանոնակարգված պարբերական հանդիպումներ Ազգային ժողովի հետ, կքննարկենք համագործակցության, բարեփոխումների շրջանակը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ժողովրդավարական արժեքների, անվտանգության ու մարդու իրավունքների հարցերում համընդհանուր նպատակներին ու արժեհամակարգին: Ընդգծվել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երկկողմ իրականացվող գործընթաց է:
«ԵՄ աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը՝ տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ համագործակցության միջոցով ու դիվերսիֆիկացիան» թեմայի շրջանակում ԵՄ աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի մասին են խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը եւ Վասիլիս Մարագոսը:
Տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգային մարտահրավերների ու Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-Հայաստան փոխգործակցության շրջանակում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը:
Նիստի մասնակիցները խոսել են տարածաշրջանային անվտանգային խնդիրների, Հայաստանի եվրոպական ձգտումների մասին: Հնչել է տեսակետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացում պետք է լինի միջնորդի եւ երաշխավորի ինստիտուտ: Հայ պատվիրակները բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցերը: Կարեւորվել է տարածաշրջանային կայունությունը, անդրադարձ է եղել հարեւան պետությունների հետ հարաբերություններին:
Նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն:
Նիստից հետո տեղի է ունեցել համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրատվամիջոցներին ներկայացվել են նիստի արդյունքները: Համանախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
ՀՀ Ազգային ժողով