Մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որեւէ ձեւով հաղթահարել չենք կարողանում: Նախկինում երբեւէ չեմ տեսել մի իրավիճակ, երբ դատարանը փորձի կանոնակարգել մարդկանց միմիկաները: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:
Նրա խոսքով, պաշտպանական թիմով նիստի ընթացքում կարող են քննարկում ունենալ, մի բանն էլ ժպիտ կարող է առաջացնել, բայց բովանդակային առումով, եթե նայենք, ունենք մի իրավիճակ, որ օրինականության նշույլ նույնիսկ չկա. «Հակասահմանադրական է ճանաչվել անկյունաքարային հոդվածը՝ 300.1-ը, դրանից հետո բոլորս էլ լավ հասկանում ենք՝ ինչով պայմանավորված, փորձ է արվում այս գործը ինչ- որ կերպ վերակենդանացնել, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու, իրավական ընթացակարգերը առկա չլինելու, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն անտեսելով»:
Լրագրողի հարցին՝ կապ ունի՞ այս ամենը առաջիկա ընտրությունների հետ, փաստաբանը պատասխանեց՝ հավանաբար պատասխանները քաղաքական տիրույթում են. «Եթե մի գործողության պատասխանը չես կարողանում գտնել իրավական կամ օրինական տիրույթում, ապա դրանք թաքնված են այլ տիրույթում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ