Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել․ ո՞րն է ձեր ամուսնության կարգավիճակը ՌԴ-ի հետ»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը՝ Պարույր Հովհաննիսյանին

Փետրվար 25,2025 19:00

«Ո՞րն է ամուսնության կարգավիճակը։ Արդյոք Դուք կարծում եք դեռ պաշտոնական ամուսնության կապերո՞վ եք կապված Եվրասիական տնտեսական միության հետ (ԵԱՏՄ), ո՞րն է ամուսնության կարգավիճակը՝ ՌԴ-ի հետ, որովհետև առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել»,- ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարցրեց Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնեվիչիենեն։

Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ամուսնության հարցը շատ անգամներ է բարձրացվել։ Մեր մոտեցումը պետք է պրագմատիկ լինի այս դժվար աշխարհում, որ կարողանանք մեր ազգային շահը պաշտպանել։

Իհարկե, մենք տարբեր երկրների հետ ենք ամուսնացած։ Մեր բոլոր բարեկամ երկրների հետ տարբեր տեսակի հարաբերություններ կան վերջին ժամանակներում։ Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ պետություն․ տեսնում եք տնտեսության, առևտրի թվերը, բայց կարևորում ենք նաև տնտեսության դիվերսիֆիկացիան։

Մենք հասկանում ենք, որ ամենամոտ բարեկամից էլ կախված լինելը լավ չէ։ Երբ մենք ԵԱՏՄ մտանք, կային տարբեր քննարկումներ ամուսնական հարաբերությունների մասին։ Ոչ մեկ չէր հավատա, որ կլինի ասոցացման համաձայնագիր։ CEPA-ն հենց ասոցացման համաձայնագիր է, իհարկե, որոշ գլուխներ շատ են կորցրել իրենց նշանակությունը։ ՀՀ-ն կարողանում է իր օգուտը քաղել այս առումով՝ պատմական առումով։

Մենք փորձել ենք պահել հաշվեկշռությունը․ ամենասկզբից՝ Ալեքսանդր Մեծն էր, հետո կար Պարսկական կայսրությունը, հետո Հռոմեական, Օսմանյան կայսրությունները, հետո ռուսական կայսրությունը։ Այս ամենը մեր՝ գոյատևման քաղաքականության մասին էր։ Մենք միշտ փորձել ենք ամենալավ տարբերակը գտնել։ 301 թվին է ընդունվել մեր քաղաքակրթական որոշումը։ Իրականում ՀՀ-ն Եվրոպայի մասն է, և ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել։ Մենք պետք է փորձենք մարտահրավերներով լի իրականության մեջ ավելի լավ տարբերակներ ընտրել։ Չենք կարող ծայրահեղ քայլեր անել, որը կարող է վտանգել մեր երկիրը և անվտանգությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728