ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: Փոփոխությունները ԱԺ 2025թ-ի փետրվարի 25-ի հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը:
Նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթները, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։
Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար: Նոր փոփոխություններով՝ առաջարկվում է Կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնելով նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
Կարդացեք նաև
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե՝ խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
Նախագծով առաջարկվում է լրացնել Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցման պայման, եթե Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողի կողմից իրականացվել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված տեխնիկական բնույթի առաջարկն ընդունվել է և նախագիծը խմբագրվել է՝ հաշվի առնելով իրավական որոշակիության կանոնները:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։