Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Թանգարանի վարպետներ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմաբնույթ նմուշներ: Փառատոն-տոնավաճառի ընթացքում հայ վարպետները, իրենց աշխատանքների ներկայացմանը զուգընթաց, անցկացրել են նաև վարպետության դասեր հայկական ձեռարվեստով հետաքրքրվող տարբեր տարիքի այցելուների համար:
Սուրաջկունդի արհեստների ամենամյա միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի՝ «Լավագույն օտարերկրյա տաղավար» անվանակարգում: Մրցանակը «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետ, ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանին շնորհել է Հնդկաստանի բնակարանային և քաղաքային հարցերի նախարար Մանոհար Լալ Խաթթարը:
Հայ վարպետները Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների կանանց, ինչպես նաև Հնդկաստանում բնակվող օտարերկրացիներին և տեղացիներին ներկայացրել են նաև Հայաստանի մասին պատմող նյութեր, ինչպես նաև տիկնիկագործության ու կարպետագործության վարպետաց դաս են անցկացրել:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ