Հակակոռուպցիոն դատարանում այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով վերսկսված դատական նիստը միջադեպերով հարուստ էր:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանի խոսքը նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդհատեց դիտողությամբ, որն ուղղված էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանին. «Տիկին Սահակյան, ձեռքով, գլխի շարժումներով ի՞նչ եք անում»:
Պաշտպանը վրդովվեց՝ նիստը նախագահողի դիտողությունից, քանի որ մինչ այդ էլ վերջինս դիտողություն էր արել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ ժպտալու համար: Դատավորը դիտողությունն արեց, բայց թույլ չտվեց փաստաբանին դիրքորոշում հայտնել, ինչին ի պատասխան` Սահակյանն արձագանքեց. «Ուրեմն մի ասեք տիկին Սահակյան, ի՛, մեկին մի ժպտա, մի շնչիր, մի արտաշնչիր»:
Կարդացեք նաև
Երբ դեռ Լուսինե Սահակյանը չէր էլ հասցրել նստել, նիստը նախագահողը դիմեց Քոչարյանին, որը նիստը նախագահողի դիտողություններին զուգահեռ ձեռքով շարժում էր արել. «Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք: Էդ ինչ ձեռքի շարժումներ էիք անում, նկատողություն եմ ձեզ հայտարարում, ոչ պատշաճ վարքագիծ եք դրսեւորում նիստերի դահլիճում»:
Ռոբերտ Քոչարյանը զարմացավ. «Անադեկվատության խնդիր եմ այստեղ տեսնում, ժողովուրդ ջան»:
Դատավոր Սարգիս Պետրոսյանը հարցրեց՝ ո՞ւմ կողմից:
Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Ընդհանրապես, այս դատական գործընթացից: Տեսական ադեկվատության խնդիր, իսկապես, տեսնում եմ: Չշարժվեք, չշնչեք, չժպտաք, էլ ինչ չանենք: Առաջարկում եմ հաջորդ նիստին դիմակներով գանք: Լուրջ կոմպլեքսների խնդիր եմ տեսնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ