«Եվրոպայի խորհրդարանը միշտ էլ աջակցել է Հայաստանի ձգտումներին՝ միանալ Եվրոպայի միությանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հնարավորությանը՝ միանալ Եվրոպայի միությանը, իհարկե, շատ են հարցերը։ Իհարկե, պատասխանն այն է, որ այս տարվա ավարտին կամ մյուս տարի Հայաստանը չի միանա ԵՄ-ին, որովհետեւ դա ժամանակ եւ ջանքեր է պահանջելու։ Բայց ցանկացած բարեփոխում, որը կիրականացնի Հայաստանն այդ ճանապարհին, կստանա աջակցություն»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։
Նա նշեց, որ բարեփոխումները, որոնք կիրականացվեն, կօգնեն հենց Հայաստանին, որ երկիրն ավելի ամուր ու վստահ կանգնած լինի իր դիրքերում։
«Եթե մենք խոսում ենք իրատեսական ժամկետների մասին, օրինակ, իմ երկիրը՝ Լատվիան կամ գործընկերներ ունենք Լիտվայից, Սլովակիայից ու Չեխիայից, իհարկե, մեզանից ժամանակ պահանջվել է՝ տարիներ։ Վեց-յոթ տարի պահանջվեց, հետո նոր միացանք Եվրամիությանը։ Եթե Հայաստանում որեւիցե մեկը կկարծի, կամ որեւիցե մեկը ժողովրդին կասի, որ սա մի 2 տարվա գործ է, այո, դա միգուցե շփոթմունք կլինի ակնկալիքների առումով։ Բայց եթե մենք խոսենք 5-7 կամ 10 տարիների մասին, նախորդ երկրների փորձից եմ խոսում, դա ավելի իրատեսական կարող է լինել։ Եթե հայ ժողովուրդն իսկապես ցանկանա միանալ ԵՄ-ին, վստահ եմ, որ դուք կկարողանաք այդ ճանապարհն անցնել»,- հավելեց Նիլս Ուշակովսը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ