2025 թվականի հունվարի 1-ից փոքր եւ միջին մի շարք բիզնեսներ գործում են հարկային նոր պայմաններում: Ավելացել է փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը: Այս փոփոխությունը ծանր ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր փոքր եւ միջին ընկերությունների վրա: Մտավախություն կա, որ ծառայությունների արժեքը կբարձրանա կամ մարդիկ ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսները:
«Հարկային փոփոխությունները սպառնում են հազարավոր փոքր եւ միջին բիզնեսի գոյատեւմանը» թեմայով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ասաց. «Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ մենք կամաց-կամաց գնալու ենք շրջանառության հարկի վերացմանը, որ շատ ցավոտ է ու շատ վատ կանխատեսումներ կան դրա մասով: Մենք նախկինում այսպիսի փորձ ունեցել ենք 2011-2012 թվականներին: Պարզեցված հարկը վերացրին ու ներդրեցին պարզեցված շահութահարկը, որն ընդամենը կյանքում մեկ տարի գոյատեւեց:
Ընդհանրապես, 21-րդ դարում քաղաքականությունները մշակվում են այնպես, որ բիզնեսը հարկերը վճարելու եւ հաշվարկելու վրա ավելի քիչ ժամանակ ծախսի: Մենք հիմա գնում ենք հակառակ գաղափարախոսությամբ: Ամենացավոտն այն է, որ այս փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հունվարի 1-ից, ոչ շրջանառության հարկի գաղափարախոսության մեջ են, ոչ դասական ավելացված հարկի: Սա արդյունք է այն բանի, որ որոշվեց փաստաթղթավորումը խստացնել: Այսինքն, խախտվեց գաղափարախոսությունը: Դրա արդյունքում հիմա մենք ունենք կարկատանների մի ամբողջ փունջ: Այսինքն, օրենսդրական մակարդակում դրանք լավ մտածված չեն եւ արդեն այս երկու ամսվա ընթացքում երեւում է, որ այն գաղափարը, որ փորձել են կյանքի կոչել, չի իրականացել»:
ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահ Արման Պետրոսյանը անդրադառնալով հանրային սննդի ոլորտի վրա այս բարեփոխման երկարաժամկետ ազդեցության խնդրին՝ ասաց. «Նախ, բարեփոխում բառը տեղին չէ: Արդեն մոտավորապես երկու ամիս է, դեռ օբյեկտիվորեն ոչ մի տնտեսվարող երեւի վերջնական չի կարողանում գնահատել օրենքի ազդեցությունը իր վրա: Բայց արդեն երեւում է, որ գները թանկանում են: Այսինքն, մատուցվող ծառայությունների արժեքները թանկանում են: Հնարավոր չէ, որ դա չազդի նաեւ տուրիզմի ոլորտի վրա: Տուրիզմից եկող մուտքերը երկրում ամենահավասարաչափն են բաշխվում տնտեսության մեջ՝ հյուրանոցներ, ավիատոմսեր, հանրային սնունդ, տրանսպորտ: Այսինքն, տուրիզմից եկած փողը այս ամեն ինչին մաս-մաս բաժանվում է: Եվ հանրային սնունդը տուրիզմի մեջ բավականին մեծ բաղադրիչ է: Առանց այդ էլ վերջին մի քանի տարիներին դարձել էինք բավականին թանկ: Նախկինում գրավչություն ունեցող գաստրո տուրիզմի բաղադրիչը, որը կար մեր երկրում, հիմա դարձել է բավականին թանկ, եւ մեր գները դարձել են Ռուսաստանի՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի ու եվրոպական գներին հավասար գներ:
Կարդացեք նաև
Անհնար է, որ սա եւս իր բացասական ազդեցությունը չունենա տուրիզմի վրա: Անուղղակիորեն կլինի, տեւական կլինի, սա երկարաժամկետ բերելու է այդ հոսքերի նվազման եւս, սրանով գրավչությունը նվազելու է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի