Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը:
Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց փոխել խափանման միջոցը. «Այս պահի դրությամբ պաշտպանյալիս նկատմամբ կիրառված է խափանման միջոցների համակցություն, մասնավորապես բավական խոշոր չափով գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն։ Հաշվի առնելով, որ համակցությունը կիրառվել է այն ժամանակ, երբ ունեինք վկայի հարցաքննության խնդիր, միջնորդում ենք համակցությունից հանել վարչական հսկողությունը»։
Հանրային մեղադրողն առարկեց. «Այդ խափանման միջոցի կիրառման պայմաններում են զսպվել այն ռիսկերը, որոնք տեսել ենք։ Ուստի այս փուլում առարկում եմ ներկայացված միջնորդությանը»։ Սակայն դատարանը որոշեց խափանման միջոցներից երեքից երկուսը վերացնել՝ թողնելով բացակայության արգելքը:
Նիստի ժամանակ հանրային մեղադրողը պնդեց, որ Վարդանյանն իր արարքը կատարել է դիտավորությամբ ու հիշեցրեց, որ Վարդանյանն ի պատասխան բոլոր հարցերի, թե ինչու մոտեցար տուժողին եւ այդ գործողությունները կատարեցիր, պատասխանել է, որ 2018-ից սկսած, երբ ՀՀ –ում տեղի է ունեցել հեղափոխություն, տեսնելով ՔՊ իշխող վերնախավի իրականացրած քաղաքականությունը, որի հետեւանքով բոլոր ոլորտներում տապալել են քաղաքականությունը, հանրային պարսավանքի է փորձել ենթարկել ՔՊ ներկայացուցիչ պատգամավորին. «Ասում է՝ պետաիշխանական լիազորություններով օժտված անձի դեմ քաղաքացու վրդովմունքն եմ արտահայտել: Պետաիշխանական լիազորությունները ո՞րն են, դրանք այն լիազորություններն են, որ ունեն պաշտոնյաները ու այդ շրջանակում կարող են կայացնել որոշումներ, որոնք անձանց լայն շրջանակի համար պարտադիր են: Վարդանյանը նշում է, որ որպես քաղաքացի ցանկացել է հանրային պարսավանքի ենթարկել, քննադատել, նորմալ է: Եթե լինի իրական քննադատություն, դա չի կարող որեւէ կերպ սահմանափակվել: Բայց այ դավաճան, հակահայ վիժվածք, ժեխ… սա քննադատությո՞ւն է: Սա՞ կարող է տեղավորվել խոսքի ազատության շրջանակներո՞ւմ»:
Կարդացեք նաև
Մեղադրողի խոսքով՝ այդ բառերը ստորացնում են անձին ու ավտոբուսում եղած ժամանակ ուղեւորների բազմաթիվ հորդորներից հետո, թե մի խանգարի, տուժողն էլ այդ նույն գործողությունները անձի նկատմամբ շարունակել է արդեն խուլիգանության կատարելու ընթացքում. «Սեռական հայհոյանքներ չեն հնչել, բայց «վիժվածք» բառն առնվազն հայհոյանք է: Եղել են անպարկեշտ արտահայտություններ՝ համակեցության կանոնների ցուցադրական անտեսմամբ ու մարդկանց անդորրը խախտելով»:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ դիրքորոշում հայտնեց՝ անձը, որը վիրավորում է իրեն անծանոթ մարդուն, պետք է պատասխանատվություն կրի: Նրա խոսքով՝ Սամվել Վարդանյանը կարող էր մոտենալ ու ասել՝ սխալ եք. «Թող ասեր՝ սխալ եք կառավարում, ամեն ինչ, բայց ոչ՝ «նիկոլական վիժվածք» կամ ուրիշ բառեր… իմ անձն են վիրավորել, իմ տարիքը, ինձ որոշակի պիտակավորել են, ուրեմն թող պատասխան տան օրենքի առջեւ»:
Հիշեցնենք, որ 2024 թ. ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում վիճաբանել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ