ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են՝ ճի՞շտ է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչները հեծանիվ վարելու համար վերապատրաստումներ են անցնում։
«Հեծանիվ վարելու համար չեն անցնում վերապատրաստումներ, գիտեք, որ մենք 6500 հեծանիվներ ենք բաժանել դպրոցներին, եւ իրականում հեծանիվների ճիշտ շահագործման հարց ունենք, որովհետեւ դրանք նաեւ որոշակի մեխանիզմով են շահագործվում։ Եվ եթե ճիշտ շահագործումը եւ հեծանիվների ճիշտ սպասարկումը չիրականացնենք, ապա հեծանիվի կյանքը շատ ավելի կարճ կլինի։ Հետեւաբար, մենք ունեցել ենք Հեծանվային սպորտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վերապատրաստում, որտեղ ուսուցիչներին բացատրվել են բոլոր նյուանսները: Բացի այդ, մենք խրախուսում ենք, որ իրենք ընդհանրապես հեծանիվ վարելը երեխաների համար դարձնեն առօրյայի մաս»,- ասել է նախարարը։
Հարցին, եթե հաջորդ վարչապետը «պարաշյուտի» սիրահար լինի եւ ոչ թե հեծանիվի, դպրոցներում դա կտարածե՞ն, Ժաննա Անդրեասյանը պատասխանել է․ «Ուշադիր չեք, ընդհանուր առմամբ դպրոցում խթանում ենք սպորտը եւ ֆիզիկական առողջ ակտիվությունը մեր երեխաների շրջանում։ Մեր քաղաքականությունը համալիր է եւ ուղղված է ոչ թե կոնկրետ սպորտաձեւին, այլ ուղղված է մեր դպրոցականների շրջաններում, ընդհանուր առմամբ ֆիզիկական առողջ ակտիվությունը խրախուսելուն, որովհետեւ այն ցուցանիշները, որը մենք ունենք մեր երեխաների ֆիզիկական ակտիվության վերաբերյալ, շատ մտահոգիչ են»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ