ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկեց երիտասարդության նվազագույն շեմը սահմանել 15 տարեկանից՝ նախագծում ամրագրված 13-ի փոխարեն։ «Առաջարկում եմ վերանայել երիտասարդության նվազագույն շեմը՝ այն սահմանելով 15 տարեկան։ Ինչո՞ւ եմ 15-ը պնդում, որովհետեւ ՄԱԿ-ի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի չափանիշները 15-ից են։ Եվ բոլոր հետազոտությունները, որոնք կատարվում են այս երկու հաստատությունների կողմից, սահմանագիծը 15-ն է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն արձագանքեց․ «Տիկին Գալստյանը ճիշտ է, ՄԱԿ-ն առաջարկում է 15, բայց ունիվերսալ բաղադրատոմս չկա, թե որն է ճիշտը։ Մենք փորձագիտական խմբով հազար բան ենք նայել ու որոշել ենք սահմանել 13-ը, որովհետեւ մեր երկրում մասնագիտական կողմնորոշման տեսակետից դպրոցներում կամ համայնքային երիտասարդական կենտրոններում ինչքան շուտ սկսենք երիտասարդների կարողությունը բացահայտել, այդ բոլոր առումներով շուտ աշխատանքը վնաս չէ, անգամ օգտակար է»։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ քրեական պատասխանատվությունն էլ է սահմանվում 14 տարեկանից։ Նա հարց տվեց՝ արդյոք 13 տարեկանը, համարվելով երիտասարդ, խնդիր չի ունենո՞ւմ օգտվելու մյուս օրենքներով սահմանված արտոնություններից, օրինակ՝ առողջապահական ծառայություններից։
Կարդացեք նաև
«Իրար չեն խանգարում, այսինքն՝ մեկը կարա տվյալ դեպքում հանդես գալ եւ որպես երեխա, եւ, եթե գործ ունի իրավախախտման հետ, հանդես գալ որպես երիտասարդ»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ