Տարբեր առիթներով անդրադարձել ենք հեղինակային երգ, հեղինակային կինո…,նույնիսկ հեղինակային իրավունքի թեմաներին, կարճ ասած` այն ժանրերին կամ ուղղություններին, որոնք հանգրվանում են ընդհանուր խորագրով Հեղինակային արվեստում: Գիտե՞ք արդյոք, որ Երևանում գործում է հեղինակային թատրոն, իսկապես բացառիկ մի երևույթ: Առաջին հայացքից պարզ է, ասենք՝ պիեսի հեղինակը գրողն է, բեմադրության հեղինակը` ռեժիսորը, պարերի հեղինակը` պարուսույցը, կամ ֆիլմերի դեպքում հեղինակը ռեժիսորն է, որքան էլ, որ ամենատարբեր, երբեմն մի քանի տասնյակի հասնող տարբեր մասնագետներ են աշխատում ֆիլմ ստեղծելու համար և այլն: Հիմա, ինչ ասել է հեղինակային թատրոն և ընդհանրապես կոլեկտիվ արվեստներում, բեմարվեստի տարբեր ժանրերում՝ որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում հեղինակ լինելու պահը կամ սահմանը և, ի վերջո, ինչ է նշանակում հեղինակային թատրոն: Այստեղ սահմանափակվեցինք մեր դատողություններով և դիմեցինք թատրոնի մարդու` թատերական խոշոր հանդիսությունների ռեժիսոր, թատերական մանկավարժ, 1970-80-ականների մնջախաղի թատրոնի հայտնի դերասան Լևոն Իվանյանին:
Արվեստագետի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Իսկապես, բարդ հարց է և այն միանշանակ պատասխան չունի: Պարզ է, որ ստեղծագործական բոլոր աշխատանքները այսպես թե այնպես հեղինակ կամ հեղինակներ ունեն: Հարկ չկա խոսելու անհատական դրսևորման արվեստների մասին. կերպարվեստի, գրականության կամ երաժշտական ստեղծագործությունների միահեղինակ գործերի մասին: Ինչպես ասում են, դա պարզից էլ պարզ է: Այլ հանգամանք է կոլեկտիվ բնույթի ստեղծագործությունը, որը միանգամից չես հասկանում, թե որտեղ է սկսում հեղինակը և ե՞րբ է նույն գործը նոր ժանրի մեջ տեղափոխողը դառնում հին գործի նոր հեղինակը: Օրինակ Ժորժ Բիզեի հեղինակած «Կարմեն» օպերան ստեղծված է Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» պատմվածքի հիման վրա: Եվ այդպիսի գործերը շատ-շատ են արվեստի ասպարեզում: Պարզ է, որ իսկապես «Դոն Կիխոտ» բալետ կարող էր գրել կոմպոզիտոր Լյուդվիգ Մինկուսը, որքան էլ որ այն ստեղծված է Միգել դը Սերվանտեսի անգերազանցելի վեպի հիման վրա: Կամ «Օթելլո» հանճարեղ օպերայի հեղինակը հանճարեղ Ջուզեպպե Վերդին է, թեև այն գրված է հանճարեղ Վիլյամ Շեքսպիրի հանճարեղ «Օթելլո» ողբերգության հիման վրա: Եկեք այս թեման այստեղ ընդհատենք, թե ոչ` օրինակները անսահման են:
Արագ գանք հեղինակային թատրոնի մասին Ձեր հարցին և մեր պատասխանին: Այո, մեզանում, հենց Երևանում է գործում համաշխարհային մշակույթի պատմության ընթացքում բացառիկ և անկրկնելի երևույթների մեկը` մեզ շատ հայտնի հեղինակային թատրոնը: Մի քիչ էլ համբերեք և ես կասեմ, թե որ թատրոնի մասին է խոսքը: Այս հարցում իմ անձնական մոտեցումը գուցե վիճելի լինի, բայց սա իրավաբանական խնդիր չի, այլ մի ամբողջ կյանք թատրոնով ու թատրոնում ապրելու հարց է: Չարժե նաև պարզ դատողություններով մտնել «ճիշտ ու սխալ» պարզելու մեջ:
Աշխարհում հեղինակային թատրոններ, իհարկե եղել են: Հենց առաջին պրոֆեսիոնալ համարվող թատրոնը, այսինքն`մարդը ուրիշ որևէ այլ գործ չունի, դա իր կյանքի գործն է, իր հացը, իր փողը թատրոնն է, դերասանական աշխատանքը, որի շնորհիվ նա և խումբը վաստակում են իրենց ապրուստը: Այդ թատրոնը անգլիական շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի նախնի թատրոնն էր, որ կոչվում էր ուղիղ հենց այդ անունով` «Թատրոն» և այն գործում էր հետագայում շեքսպիրյան պիեսների հայտնի դերասան Ռիչարդ Բըրբեջի անձնական ջանքերով և հայթայթած միջոցներով: Հետագայում, երբ նրան միացավ Վիլյամ Շեքսպիրը, այն գործնականում դարձավ միացյալ սեփականություն, որտեղ թատրոնի լինելիության կարևորագույն դերը անցավ Շեքսպիրին, որի ստեղծագործությունների շնորհիվ էլ այն գործեց մինչև իր կյանքի վերջը (1616թ.) և մինչև մեր ժամանակները «Գլոբուս» թատրոնը համարվում է ժամանակակից պրոֆեսիոնալ թատրոնի հիմքը: Դա իսկապես հեղինակային թատրոն էր, որտեղ 1599-1613 թվականներին (մինչև այրվելը) ներկայացվում էին միայն Շեքսպիրի պիեսները, որոնցում հիմնականում գլխավոր դերակատարը Ռիչարդ Բըրբեջն էր: Շեշտենք` 14 տարի:
Կարդացեք նաև
Այդ կարգի թատրոն գործել է հետագայում Ֆրանսիայում Ժան-Բատիստ Մոլիերի, այսպես ասեմ` հոգաբարձությամբ, այսինքն` պիեսներ գրել, խաղալ, ղեկավարել, ստանձնել «Փայլուն թատրոնի» ամբողջ և բոլոր տեսակի պատասխանատվությունը: Կարճ ասեմ, որ «Փայլուն թատրոնի» փայլուն գործունեությունը, թեև սկզբում տևեց 1643-45 երկու տարի, բայց Ժան-Բատիստը 13 տարի իր խմբով թափառեց Ֆրանսիայում, մինչև որ 1658-(1661)-1673 մինչև պալատական բեմի վրա իր մահը Մոլիերը ղեկավարեց, գրեց, խաղաց և հոգաց թատրոնի բոլոր տեսակի բոլոր խնդիրները: Թատրոնը հիմա կոչվում է «Մոլիերի տուն»: Հաշվենք. Եղավ`30 տարի: Երկար խոսեցի:
Հիմա գանք մեզ: Շեշտեմ, որ ինքս հեղինակային թատրոն համարում եմ ոչ թե մեկ, երկու կամ նույնիսկ տասը բեմադրությունը: Թատրոնի մարդիկ լավ գիտեն, որ թատրոնը 10 տարի գոյատևում է, այն հասնում է «կրիզիս»-ճգնաժամային վիճակի և սովորաբար դադարում է գոյատևել կամ ամբողջ կազմը լրիվ փոխվում է: Ինքս հեղինակային համարում եմ այն թատրոնը, որի հիմնադիրը, դրամատուրգիան ստեղծողը, որ ամենակարևոր գործն է թատրոնի համար, միշտ ահավոր բարդ ֆինանսական խնդիրների պատասխանատուն և ընդհանրապես ողջ գործունեության պատասխանատուն մեկ մարդ է:
Կարճ. մեզանում այդ բացառիկ մարդը Արա Երնջակյանն է, որը կիբեռնետիկայից անցել է թատրոնի ոլորտ, մասնագիտական բարձրագույն ուսումնառությամբ դարձել է ռեժիսոր, դրամատուրգ և, ուշադրություն, 1982 թվականից մինչև օրս 2025 թվականը, 43 տարի և Աստված տա, որ շատ ավելի երկար կառավարի, ղեկավարում, տնօրինում, գրում, կազմակերպում, հոգատարություն է իրականացնում Երևանի պետական կամերային թատրոնում, որը իսկապես կատարյալ, իր տեսակի մեջ` բացառիկ Հեղինակային թատրոն է, որը բեմարվեստի իր ուրույն, անշփոթելի ձեռագրով և թատերախաղի ու թատերարվեստի ամենաբարձրակարգ չափանիշերով գործում է արդեն 43 տարի: Մի երևույթ, որի նմանը, համոզված եմ, որ չեք գտնի աշխարհի թատերական պատմության ոչ մի ժամանակում, որքան էլ, որ այս փաստը անհավատալի թվա:
Մանրամասների մասին, որոնք չափազանց շատ են ու ինքնատիպ, կարիք չկա խոսելու: Ես, որպես բեմարվեստում երկար ժամանակ գործող արվեստագետ, մեր հանրությանը կուզեի ասել, որ մի նոր գիտակցական հոգատարությամբ նայենք մեր կողքին ապրող ու գործող բացառիկ մշակութային արժեքին և, ճապոնացիների ասած, Մարդ-Ազգային հարստությանը և հնարավոր ամեն ինչ անենք, նախ` այցելությունով, որը միշտ եղել է բարձրության վրա, որ մեզ հետ ապրող բացառիկ թատրոնը մի նոր թռիչք կարողանա ապրել: Թերևս այսքանը: «Մնացյալը լռություն է». Շեքսպիր»,- պարզաբանեց պարոն Իվանյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ