Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ

Փետրվար 25,2025 15:01

2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ:

Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը:

Արդյունքում, խմբի անդամները ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով:

Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ:

Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։

Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728