Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ Սրբուհի Գալյանն ու Արփինե Սարգսյանն իր հարցերին չեն պատասխանել։
Հարցին պատրասվո՞ւմ եք միանալ սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, ՔՊ-ի` Սահմանադրության տեքստը փոխելու գործողություններին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ն կեղծ, հորինված, որոշ դեպքերում Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացների չի մասնակցում»։ Հստակեցմանը՝ անգամ, եթե հնարավորություն կա այնտեղ խոչընդոտելու գործընթացին, չեք մասնակցի՞, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Ինչի՞ն հնարավորություն կա խոչընդոտելու․ սահմանադրական անկախ ինստիտուտի՝ ՔՊ-ացմա՞նը, քվեարկությա՞նը։ Մենք ունենք ՔՊ-ին ծառայող սահմանադրական ինստիտուտներ»։
Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ CEPA-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կանոնակարգման միակ փաստաթուղթն է․ «Երբ CEPA-ում նշված բարեփոխումները իրականացվել են չնչին տոկոսով, խոսել նոր բաների մասին, ինձ համար անընկալելի է»։ Հայկ Մամիջանյանը նաև չցանկացավ մեկնաբանել ԵԽ պատգամավորների՝ իր հարցերին արձագանքները:
Բաքվում իրականացվող դատավարությունների հետ կապված ՀՀ իշխանությունների գործողությունների և այն պնդումներին, թե գուցե գործ անում են, բայց պետք չէ դա տարածել, հանրայնացնել, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Չեն հանրայնացնո՞ւմ, լո՞ւրջ։ Մենք էլ չենք տեսնում։ Ամեն օր դրա մասին խոսում ենք, եթե մի կաթիլ արած լինեին, անդադար պիտի որ դրա մասին խոսեին»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի՝ հանրաքվեով Սահմանադրությունը փոխելու մասին ուղերձի առումով էլ ասաց․ «Փաշինյանի ուղերձը odnoklassniki-ի ստատուսներից էր։ Ես այդ ստատուսները մեկնաբանում էի դպրոցում, հիմա էլ դպրոցական չեմ»։
Դիտարկմանը՝ թե ինչու եք Զարուհի Փոստանջյանի նման մեր կեղտոտ լվացքը դուրս հանում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց․ «Իմ քաղաքական խոսույթի մակարդակը և տիկին Փոստանջյանի քաղաքական խոսույթի մակարդակը մի փոքր ամեն դեպքում տարբերվում են։ Ինչ վերաբերում է լվացքը դուրս հանելուն, ապա մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք անազատության մեջ են, անազատության մեջ են եղել։ Մարդիկ են, որոնք ստացել են քաղաքացիների առաջնային քվեն, ու իրենցից խլել են դա։ Իսկ ինչ վերաբերում է խայտառակելուն, ապա մեր գործընկերները լսում են նաև մեր ելույթները՝ կապված ԼՂ հիմնախնդրի, մեր գերիների, երկրի անվտանգության հետ կապված։ Ես հաշվետու եմ ՀՀ քաղաքացիների առաջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ