Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հեղափոխության արդյունքները․ երիտասարդության հավանությանն է արժանացել ներքին, բայց ոչ արտաքին քաղաքականությունը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ամիսներ շարունակ Սյունիքի եւ Արմավիրի մարզերում բնակվող երիտասարդների հետ ունեցել են հանդիպումներ, որոնց ընթացքում փորձել են հասկանալ նրանց պատկերացումները հետպատերազմյան եւ հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաեւ երկրի ապագայի մասին։
«Երիտասարդ մարդկանց մտքերը, դիսկուրսները, հայացքները շատ-շատ տարբերվում են Երեւանից: Ես գիտեմ ուսանողների, որոնք, օրինակ Ստոկհոլմում եղել են, իսկ Աշոցքում՝ երբեք, անգամ շատերը Սեւանում չեն եղել…Մենք տեսանք, թե ինչպես են տարբերվում երիտասարդները մարզերում, ընդ որում, նրան տարբերվում են եւ Երեւանից, եւ միմյանցից»,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Օրինակ, երիտասարդներն Սյունիքում ավելի շատ խոսում են անվտանգության մասին, ո՛չ թե ընդհանուր երկրի անվտանգության, այլ իրենց կաշվի վրա զգացածի մասին: Կային մարդիկ, որոնց սահմանամերձ գյուղերում շատ արցախցիներ կային: Արմավիրի մարզում եւս խոսում էին անվտանգությունից: Բայց այնտեղ անվտանգություն ասելով՝ նկատի ունեին բանակը, կառուցվածքը, քաղաքականությունը, իրենց տեսլականը:
Օրինակ Քաջարանում, որտեղ կա կոմբինատ, երիտասարդներն ասում էին՝ կավարտենք մեր դպրոցը կամ քոլեջը եւ կաշխատենք կոմբինատում, իսկ աղջիկներն ասում էին, որ իրենց ամուսինները կաշխատեն կոմբինատում, լավ է, որ աշխատանք կա:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Քաջարանի, Գորիսում շատերն ասում էին, որ կփորձեն գալ Երեւան: Համարյա բոլոր երիտասարդներն ասում էին` մարզերում դժվար է սովորելը, մարզային բուհերի որակը ցածր է, ստիպված են գնալ Երեւան, ինչը նույնպես հեշտ չի: Ասում էին՝ կուզենանք մեր մարզերում լինեն որակյալ բուհեր, որ կարողանանք լավ կրթություն ստանալ»,-հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մենք հարցրել ենք կամ հարցնում էինք նաեւ, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը հեղափոխությունից հետո, եթե մարդը 17-18 տարեկան է, 7 տարի առաջ երեխա է եղել, բնականաբար ոչինչ չի հիշում, բայց ընդհանուր` մեծ մասամբ ասում էին, որ գոհ են ներքին քաղաքականությունից, դժգոհ՝ արտաքին քաղաքականությունից, իսկ անվտանգությունը որպես արտաքին քաղաքականություն են նայում. «Երբ հարցնում ես՝ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, մարզերում անպայման նշում են ասֆալտապատումը: Մարզերում տպավորություն է, թե հեղափոխությունն արվել է ասֆալտապատման համար: Հատկապես գյուղերում ապրողներն ասում են՝ այդ առումով վատ է եղել առաջ, հիմա ճանապարհներն ասֆալտապատվել են: Շատ էին խոսում, որ ավելի շատ ազատություններ կան: Բայց, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ նկատի ունեն, երբեմն խառնում են, չեն կարողանում բացատրել, խառնում են անազատությունը, որը եղել է խորհրդային տարիներին է եւ ոչ թե հեղափոխությունից առաջ: Երեւի ծնողներից, մեծերից են դա լսել:
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությունից, մարզերում ասում են՝ վատ է, սխալ է, մարզերում նաեւ այդքան շատ չեն խոսում եվրոպական հեռանկարներից, Ռուսաստանից, սակայն տեսնում էին ինստիտուցիոնալացման անհրաժեշտություն: Իհարկե, դա տվյալ բառով չէին ասում, բայց ասում էին՝ հեղափոխությունն եղավ, մենք ընտրեցինք այդ մարդկանց՝ չիմանալով ովքեր են իրականում: Ինչ-որ բաներ ասել են, ընտրել ենք: Իրենք եկան ու մենք հասկացանք, որ մարդկանց փոխելը բավական չի, պետք է ուրիշ բաներ էլ փոխվեն…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ