«Այս գործընթացը կարող է հանգեցնել շատ բարձր սպասումների, ակնկալիքների, վերջիվերջո, սա կարող է բոլորիս համար խնդիր դառնալ»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ դիմելով Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) գործընկերներին՝ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա փաստեց՝ հայ բնակչությունը հիմա որոշակի հայտարարությունների պատճառով կարծում է, որ մենք կլինենք ԵՄ անդամ պետություն ու դիմելով ԵԽ պատգամավորներին՝ ասաց․ «Ներողություն եմ խնդրում, որ դուք եք ստիպված սա լսել, քանի որ դուք այն մարդիկ չեք, որոնք հասցեատերերն են։ Ձեզ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք Եվրոպական խորհրդարանում իմ երկրի համար։ Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է որոշակի հստակություն ունենա ԵՄ-Քաթար էներգետիկ հարցում, երբ մարդու իրավունքների հարցերը և ժողովրդավարական ազատությունների հետ կապված խնդիրները դրվել էին էներգետիկայի հիմքում, բայց նույն բանը չենք տեսնում նաև Ադրբեջանի հարցում։ Դուք այս ուղերձի հասցեատերը չեք։ Սա հենց իմ կառավարությանն է վերաբերում՝ առնվազն պատասխանատու մարդկանց։ Կարծում եմ՝ հաջորդ մեր հանդիպումները պետք է հիմնված լինեն որոշակի չափելի զարգացման գործընթացների վրա, երբ խոսքը վերաբերում է CEPA-ին»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը (լուսանկարում) արձագանքեց․ «Երբ խոսքը ՀՀ անդամակցության նպատակադրման մասին է, իմ կարծիքով՝ չենք կարող միանգամից խոստանալ, որ կամուսնանանք առանց ժամադրությունների։ Կարող ենք մեր առաջ նպատակ դնել, ցանկանալ, բայց կան շատ բաներ, որոնք անկանխատեսելի են, և մենք էլ աշխատանք ունենք անելու։ Մեր անդամ պետությունների քաղաքացիները ավելի ու ավելի պակաս են աջակցում ԵՄ ընդլայնմանը, ուզում են կենտրոնանալ իրենց եղած խնդիրների վրա։ Հետևաբար` նրանց համոզելը հեշտ չի լինելու, քանի որ դա պետք է հաստատեն բոլոր անդամ պետությունները»։
ԵԽ պատգամավորը վստահեցրեց՝ ՀՀ-ի կողմից էլ շատ բան կա անելու ԵՄ-ին միանալու համար՝ առանց վերջնական խոստում պահանջելու մյուս կողմից։ Նա հավելեց․ «Երբ խոսք կգնա Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին, այո, մարդու իրավունքների պահանջները պետք է դրվեին։ Բայց մյուս կողմից՝ այլ երկկողմ պայմանագրերում կան մարդու իրավունքների պահանջներ, որոնք ընդամենը թղթի վրա գրված են։ Ավելի լավ է նշել ու աչք փակել դրա վրա՞, թե առհասարակ չնշել»։
Կարդացեք նաև
ԵԽ պատգամավորը նաև կարևորեց, որ ՀՀ-ի ներսում լինի միություն՝ վստահեցնելով, որ հակառակ դեպքում դժվար կլինի պաշտպանել ՀՀ-ի շահերը։
Նաև կարևորեց հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը՝ նշելով, որ պետք է հայ ռազմագերիների խնդիրը միշտ հիշենք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ