«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ եւ օպերատորները, եւ հյուրանոցները, եւ ավիափոխադրողները: Նաեւ սա մեծ եւ կարեւոր հարթակ է միջազգային համագործակցության համար»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը:
«Ապրիլի 4-6-ը Երեւանի մարզահամերգային համալիրում կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որն, ինչպես նշվեց, իր մասշտաբներով լինելու է աննախադեպ: Մենք, իհարկե, ունեցել ենք լավ փորձ՝ Հայաստանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի: Ինչ վերաբերվում է ITF Armenia 2025-ին, այս մասշտաբային իրադարձությունը ոչ միայն սովորական ցուցահանդես է լինելու, այլ մեծ գործուն հարթակ՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար, կոնսոլիդացվելու, ոլորտում ընդհանուր տեսլական ունենալու, ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն ձեւավորելու համար»,- նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նա հավելեց, որ ցուցահանդեսը լինելու է ամենամյա:
Մեխակ Ապրեսյանի խոսքով, սա շատ լավ հնարավորություն է ոչ միայն միջազգային համագործակցության, այլեւ մեր ներքին զբոսաշրջային ռեսուրսներն ու արդյունքները բացահայտելու, ամրապնդելու, խթանելու, զարգացնելու, մրցունակ պրոդուկտների առումով. «Սա նաեւ Հայաստանի ու հայաստանցիների համար շատ լավ հնարավորություն է՝ արտագնա զբոսաշրջության եւ արտագնա հանգստի նոր հնարավորություններ բացահայտելու, այդ հնարավորություններից օգտվելու, նորարարական մոտեցումների առումով»:
Կարդացեք նաև
Լուսինե Գևորգյանը նշեց, որ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն բոլոր խողովակներով ու գործիքներով տեղեկացնելու է եւ մասնակցության հրավերներ է ուղարկելու պետական եւ միջազգային կազմակերպություններին:
Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ մասնավոր հատվածը բավականին ակտիվ է գործում եւ տեղական, եւ հարեւան, եւ տարածաշրջանի, եւ ծոցի, ինչպես նաեւ միջինասիական երկրների, ԱՊՀ եւ Չինաստանի գործընկերների հետ:
«Կա մեծ հետաքրքրություն, անգամ տարածաշրջանից դուրս կան հետաքրքրիր հաստատումներ, ինչպես, օրինակ, Մալդիվներից: Արդեն նրանց ստենդն է ձեւավորվում: Նորից նշեմ, որ սա լոկ ցուցահանդես չէ, ցուցահանդեսի շրջանակներում նաեւ լինելու է բիզնես ֆորում, որտեղ ներկայացնելու եւ քննարկելու ենք ոլորտին հուզող, այսօրվա համար շատ արդիական խնդիրներ՝ իրենց լուծումներով, նաեւ նորարարություններ, հետաքրքիր գաղափարներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ