Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, որի խմբակցության քարտուղարը ՄԻՊ ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածուին ասել է՝ ականջներդ կկտրեմ, մինչ օրս քրեական գործ չկա։ Մեկնաբանեք»․ Հայկ Մամիջանյանը՝ Սրբուհի Գալյանին

Փետրվար 25,2025 13:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դուք նշեցիք ատելության խոսքի մասին, կուզեի կարճ մեկնաբանեք՝ Դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, որի խմբակցության քարտուղարը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ընդդիմության թեկնածուին ասել է՝ ականջներդ կկտրեմ։ Եվ մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել»,-Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հիշեցրեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ մի շարք միջազգային կազմակերպությունների բանաձևերում նշվում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ և ՀՀ կառավարությանը կոչ է արվում չօգտագործել իրավապահ համակարգը քաղաքական ընդդիմախոսների դեմ․ «Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընտրված քաղաքապետեր Մամիկոն Ասլանյանը, Առուշ Առուշանյանը, Բալասանյանների և այլ դեպքերի մասին։ Նաև կուզեի Ձեր մեկնաբանությունը Եվրոպական դատավորների միության հայտարարության հետ կապված, որտեղ նշվում էր, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը կախվածության մեջ է գտնվում իշխանություններից։ Այդ թվում կուզեի նաև Ձեր դիրքորոշումը վերջերս Բրյուսելում կայացած մարդու իրավունքների հետ կապված Human dialogue ձևաչափով հանդիպման ժամանակ այն փաստին, որ ՀՀ իշխանություններին կոչ է արվում սահմանափակել նախաքննական կալանքների տևողությունը»։

Հայկ Մամիջանյանը նաև բերեց Էդգար Ղազարյանի օրինակը, որի նկատմամբ դատարանն իրականացրել է վարչական սահմանափակում՝ արգելելով արտահայտվել դատավորների մասին։ Ու նաև ասաց՝ իր տեղեկություններով՝ պատճառը ՍԴ դատավոր, շուտով ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումն է եղել, երբ Էդգար Ղազարյանը որակմամբ գնահատել էր նրա որոշումներից մեկը։

Կալանքների հետ կապված ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց․ «Նախարարության համար էլ մտահոգիչ է կալանքների քանակական աճը։ Այս առումով խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Պետք է որոշակի չափորոշիչներ և ուղեցույցներ մշակել կալանքի կիրառման դեպքերը նվազեցնելու հետ կապված և հարցը կոմունիկացնել իրավապահ համակարգի և դատարանների հետ»։

Անդրադառնալով մյուս հարցերին՝ նախարարն ասաց․ «Առաջին հայացքից Դուք խոսում եք ճշմարտության մասին, բայց դրան հակադարձում է օրենքի գերակայություն ասած ճշմարտությունը։ Մենք պետք է հասկանանք՝ Ձեր կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են քաղաքական բնույթ ունենալ։ Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների նկատմամբ, երևույթներ, որոնք նախորդ իշխանության օրոք երբևէ չեն եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728