Ինչո՞ւ է ընդհանրապես որևէ երկրի իշխանություն զգուշանում, որ հանկարծ իրենց ղեկավարած երկրում քաղբանտարկյալներ չլինեն կամ որպես այդպիսին ոչ ոք չհամարվի։ Եթե որևէ քաղաքական գործիչ քրեական հետապնդման է ենթարկվում իր քաղաքական գործունեության շրջանակներում կատարած հանցանքի մեջ մեղադրվելով, ապա բնական է, որ այդ գործիչը քաղբանտարկյալ է դառնում, որովհետև նա ձերբակալվել է ոչ թե քաղաքականության հետ առնչություն չունեցող հանցանքի համար, այլ հենց կոնկրետ իր քաղաքական գործունեության շրջանակներում է կատարել այն, ինչում ինքը մեղադրվում է։
Մեղադրանքը կարող է արդարացի կամ անարդարացի լինել, դա դատարանն է որոշում, սակայն հետապնդումը իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ուստի, կարծում եմ, քաղբանտարկյալի առկայությունը որևէ երկրում անխուսափելի է, որովհետև բոլոր երկրներում գոյություն ունեն իշխանությանը ընդդիմադիր ուժեր, որոնք, մեծ հաշվով, ամեն տեղ գործում են շատ թե քիչ սահմանափակ ազատությամբ։ Նույնիսկ «ժողովրդավարության հիմնադիր» Հայաստանում շատ մարդիկ զգուշանում են արտահայտվելուց, որպեսզի քրեական հետապնդման չենթարկվեն, որովհետև հետապնդվողները լայն հասարակական աջակցություն չեն ստանում։
Քրիստոնեական գաղափարախոսության հանդեպ տածած ԱՄՆ նախագահի վստահությունը մոտիվացրել է որոշ քաղաքական գործիչների իրենց դրսևորելու որպես բարեպաշտ քրիստոնյաներ։ Ոմանք քաղաքական ելույթներում ընդգծում են, որ Սուրբ Գիրքը իրենց կյանքի և գործունեության ամենավստահելի ուղենիշն է և փորձում են իրենց խոսքը համեմել Սուրբգրային մեջբերումներով։ ՀՀ վարչապետը նույնպես, 2025 թվականի փետրվարի 3-7 Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում կայացած 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ ելույթ էր ունեցել, որտեղ նշել էր, որ Աստվածաշունչ մատյանը, ժամանակին իր որպես քաղբանտարկյալի կարգավիճակում եղած ժամանակ, շատ օգտակար է եղել և օգնել է իրեն հաղթահարել բոլոր դժվարությունները։ Աստվածաշունչ մատյանի անձնական կյանքում օգտակարության մասին խոստովանությունը կարող է և անկեղծ լինել, սակայն իրական կյանքում երբ իրեն քրիստոնյա համարող մարդը օժտված է լինում իշխանությամբ, ապա պետք է երկիրը ղեկավարի իբրև ճշմարիտ քրիստոնյա և զերծ պահի իրեն և կառավարությանը անարդար որոշումներ կայացնելուց, որպեսզի անարդարացիորեն չխեղվեն մարդկային ճակատագրեր։
Քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը ընդունած Հայաստանը պետք է լավագույնս ներկայացվի ամբողջ աշխարհում, հատկապես այն պետություններում, որոնց ղեկավարները համարձակորեն ի ցույց են դնում իրենց հոգատարությունը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Որքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունները անհաղորդ լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, միևնույն է քրիստոնեությունը Հայաստանում դրանով չի դադարում որպես պետական կրոն լինելուց։ Հայաստանյան ընդդիմադիր ուժերը ուշի ուշով հետևում են իշխանությունների ամեն մի քայլին ու խոսքին և, կարծում եմ, մեծ մասամբ համարժեք ու ադեկվատ քննադատություններ հնչում են, սակայն սփյուռքի հայությունը իշխանություններին քննադատելու գործում պետք է ավելի շրջահայաց ու նրբանկատ լինի, որպեսզի տվյալ երկրի իշխանությունների մոտ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանյան իշխանությունները քրիստոնեության թշնամիներ են և այլն։ Գուցե և իշխանության որոշ ներկայացուցիչներ նման կարծիքի համար առիթ տալիս են, սակայն ընդհանուր առմամբ պետք է նկատի ունենալ, որ այսօր էլ, ինչպես դարեր շարունակ, աշխարհը պետք է ընկալի Հայաստանը որպես քրիստոնեական արժեքների կրողն ու պահապանը։
Կարդացեք նաև
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ