Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ, որ նրանք մեզ ինչ-որ բան տան այն գումարների դիմաց, որ մենք ծախսել ենք: Մենք խնդրում ենք տրամադրել հազվագյուտ հանածոներ և նավթ». ԱՄՆ նախագահն Ուկրաինայի մասին

Փետրվար 25,2025 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հակամարտությանը վերջ տալու անհրաժեշտության մասին՝ շաբաթ օրը Վաշինգտոնում ելույթ ունենալով Պահպանողականների քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC)։

«Պետք է վերջ տալ հակամարտությանը: Սարսափելի, սարսափելի բան է այս ամենը: Դա քննարկում եմ նախագահ Զելենսկու ու նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։

Թրամփը վերստին խոսել է բանակցվող պայմանագրից, ըստ որի ԱՄՆ-ն պետք է իրավունք ստանա օգտվել Ուկրաինայի բնական ռեսուրսներից՝ Կիևին տրամադրած ռազմական օգնության դիմաց:

«Ցանկանում եմ, որ նրանք մեզ ինչ-որ բան տան այն գումարների դիմաց, որ մենք ծախսել ենք: Մենք խնդրում ենք տրամադրել հազվագյուտ հանածոներ և նավթ: Դա այն ամենն է, ինչ կարող ենք ստանալ»,- նշել է Թրամփը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է աշխատի Թրամփի վարչակազմի հետ, հատկապես տնտեսական համագործակցության հարցում՝ կիրակի ABC-ի հետ զրույցում հայտարարել է հանրապետական կոնգրեսական Մայք Լոուլերը։

«Միացյալ Նահանգները հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, և երբ այս պատերազմը վերջապես ավարտվի, Ուկրաինան լուրջ ներդրումների կարիք կունենա՝ վերականգման համար»,- ասել է Լոուլերը:

Իրավիճակին կիրակի Կիևում անդրադարձել է նաև Զելենսկին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել երկխոսությունն ԱՄՆ հետ և ակնարկելով, որ պատրաստ է վայր դնել իր լիազորությունները՝ հանուն խաղաղության։

«Եթե խաղաղության հասնելու համար իրոք կարիք կա, որ հրաժարվեմ իմ պաշտոնից, պատրաստ եմ: Կարող եմ [նման քայլը] փոխանակել ՆԱՏՕ-ին [Կիևի անդամակցության] հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդը ABC-ին փոխանցել է, թե ԱՄՆ-ն պետք է սերտորեն համագործակցի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ղեկավարության հետ՝ խաղաղ բանակցություններ վարելիս, սակայն ընդգծել է՝ մարտահրավերներն ակնհայտ են:

«Իմ զգացողությունն այն է, որ կարգավորումից հետո (եթե այն տեղի ունենա) ռուսների կողմից ուկրաինացիների հետապնդումները, իրոք, սարսափելի կլինեն: Նրանք միտումնավոր կհետապնդեն և կոչնչացնեն բոլոր նրանց, ում համարում են իրենց հակառակորդ»,- ասել է Ռիդը:

Այս ամենին ֆոնին՝ փետրվարի 23-ին Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված տոնակատարությանը՝ մեդալներ հանձնելով Ուկրաինայում կռված զինվորականներին և խոստանալով ռուսական բանակը համալրել ժամանակակից զինտեխնիկայով։

Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, իր լիագումար նիստում, հավասար թվով կողմ ձայներով հավանության է արժանացրել երկու բանաձևեր, որոնք առանձին ներկայացրել էին մի կողմից Միացյալ Նահանգները, մյուս կողմից՝ ԵՄ-ն ու Ուկրաինան:

Կիևի և Բրյուսելի կազմած բանաձևում նշված է Ռուսաստանի կողմից «Ուկրաինա լայնածավալ ներխուժման մասին» և կոչ է արվում «համապարփակ, արդար ու կայուն խաղաղություն» հաստատել՝ ՄԱԿ-ի կանոնադրության և «միջազգայնորեն ճանաչված սահմաններին» համապատասխան:

Վաշինգտոնը դեմ է քվեարկել այս նախագծին:

Ուրբաթ Միացյալ Նահանգներն առաջ էր քաշել սեփական բանաձևը, որը կոչ է անում «արագորեն դադարեցնել հակամարտությունը» և «հորդորում է կայուն խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև»: Այն չի հիշատակում Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա։

Ըստ տեղեկությունների՝ նախքան քվեարկությունը եվրոպական դիվանագետները ջանքեր են գործադրել ամերիկյան բանաձևում փոփոխություններ կատարելու համար, ինչի արդյունքում փաստաթղթում ընդգրկվել են մի շարք դրույթներ՝ կապված ռուս-ուկրաինականն հակամարտության հետ: Երբ ամերիկյան բանաձևի փոփոխված տարբերակը դրվել է քվեարկության, Վաշինգտոնը ձեռնպահ է քվեարկել սեփական բանաձևին:

ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Դորոթի Շիայի խոսքով՝ այդ փոփոխությունները չեն հետապնդում պատերազմն ավարտելու նպատակ, այլ «խոսքերի պատերազմ են»:

«Նման բառապաշարի ավելացման փորձը շեղում է այն [նպատակից], ինչին ձգտում ենք հասնել՝ այս հեռանկարային բանաձևով: Խոսքը հաստատուն փոխհամաձայնության մասին է այս մարմնի անդամների միջև՝ միավորվել մի բանաձևի շուրջ, որը կոչ է անում վերջ տալ այս՝ [ուկրաինական] հակամարտությանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Երկու բանաձևերն էլ ստացել են 93 կողմ ձայներ։ Ամերիկյան տարբերակին դեմ են քվեարկել 8 երկիր, 73 ձեռնպահ։ Կիևի և Բրյուսելի տարբերակին՝ 18-ը դեմ, 65 ձեռնպահ։ Քվեարկելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 193 երկիր։

Հայաստանը կողմ է քվեարկել ամերիկյան տարբերակին և ձեռնապահ՝ Կիևի ու ԵՄ նախագծին:

Վերոնիկա Բալդերաս Իգլեսիաս,

Նյութի պատրաստմանը նպաստել է ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայնի» թղթակից Մարգարեթ Բեշերի հոդվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728