Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե 30 տարի զբաղվում եմ խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերով եւ պնդում եմ, որ գործերն անտերության են մատնված եղել անցյալում եւ շարունակում են անտերության մատնված մնալ այսօր. Նինա Կարապետյանց. «Հրապարակ»

Փետրվար 25,2025 11:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Օրերս տեղեկացանք, որ նույն օրը Իջևանի զորամասում, ոչ մարտական պայմաններում երկու զինվորի մահվան դեպք է արձանագրվել: Փետրվարի 17-ին «Հրապարակը» գրել էր, որ բանակում հրազենային կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, Հրազդան քաղաքի բնակիչ Սեւակ Հովհաննիսյանը:

Իսկ փետրվարի 17-ին երկկողմանի թոքաբորբով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Սիսիան քաղաքի 18-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը: Նա տան մինուճար որդին էր, մայրը նրան մեծացրել է առանց հոր: Սիսիանից մեր աղբյուրը պատմեց, որ 18-ամյա ժամկետային ծինծառայողին երկկողմանի թոքաբորբով զինվորական հոսպիտալ ուղարկելու փոխարեն պոստեր են ուղարկել, ապա 40 աստիճան տաքությամբ, գրեթե անգիտակից վիճակում, տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ երկու օր անց նա մահացել է: Զինվորական հոսպիտալից «Հրապարակի» հետ զրույցում հրաժարվեցին խոսել զինվորի մահվան մասին, ասացին` իրավունք չունեն որեւէ բան ասելու այդ մասին: Պաշտպանության նախարարությունից մեր այն հարցին ի պատասխան, թե ինչու են զինվորին երկկողմանի թոքաբորբով ուղարկել պոստեր, բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, ասացին. «Քրեական վարույթ է նախաձեռնվել գործի մասով, հանգամանքները կպարզվեն վարույթի շրջանակներում», եւ հավելեցին, որ զինվորի մահվան մասով ոչինչ ասել չեն կարող:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հրապարակի» հետ զրույցում տարակուսանք է հայտնում բանակում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Նա նշում է, որ, չնայած բարձիթողի վիճակին, բանակում մահվան դեպքերով աչքի ընկնող զորամասերը շարունակում են մնալ նույնը: Ըստ նրա` կան զորամասեր, որտեղ խաղաղ պայմաններում պարբերաբար մահվան դեպքեր են արձանագրվում, միեւնույն ժամանակ կան զորամասեր, որտեղ ընդհանրապես զոհեր չեն արձանագրվում, ինչը փաստում է, որ խնդիրները նաեւ զորամասի կարգուկանոնի բացակայության հետեւանքով են առաջանում։

«Այս խնդիրը միշտ է եղել, սակայն հիմա ցավալիորեն ավելի է խորացել: Նորագույն պատմության ընթացքում` խաղաղ պայմաններում, ցավոք, զոհերի խնդիրն ակտուալ է դարձել: Կան զորամասեր, որտեղից երբեք նման տեղեկություններ չենք ստանում, սակայն կան այնպիսիք, որտեղ պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում: Սա ամենեւին չի փաստում այն մասին, որ մի զորամասում բարեկեցիկ պայմաններ են, մյուսներում` ոչ։ Բնավ։ Այստեղ խնդիրը կարգապահության մեջ է: Տարրական հարցեր կան, պատասխանատվության զգացում ու հետեւողականություն: Զինվորին երբեք չի կարելի որպես ռեսուրս կամ թնդանոթի միս վերաբերվել: Բոլոր այն զորամասերում, որտեղ զինվորը զուտ ռեսուրս է ընկալվում, որպես երկու ավտոմատ, չորս բատինկա, երեք տանկ, 100 զինվոր, այնտեղ նման դեպքերն անխուսափելի են: Ի՞նչ է նշանակում՝ զինվորը մահացել է թոքաբորբից: Թոքաբորբն ունի որոշակի շրջան: Միանգամից մահվան չեն հասնում: Դա նշանակում է, որ անգամ զինվորների առողջական վիճակին չեն հետեւում, ինչը դարձյալ փաստում է, որ չկա որեւիցե պատասխանատվության զգացում զինվորի կյանքի համար: Ինչ վերաբերում է հարուցված քրեական վարույթներին, ապա կարող ենք փաստել, որ դրանք, որպես կանոն, երբեք չեն բացահայտում: Մահվան պատճառները կարող են շատ տարբեր լինել, մարդուն դիտավորյալ կյանքից զրկելուց սկսած, մինչեւ անփութություն, անգործություն եւ այլն: Ի՞նչ եզրահանգման ենք գալիս: Գրեթե 30 տարի ես զբաղվում եմ խաղաղ պայմաններում մահացած զինվորների գործերով եւ պնդում եմ, որ գործերն անտերության են մատնված եղել անցյալում եւ շարունակում են անտերության մատնված մնալ այսօր: Իրական մեղավորներին որոշակի ծառայությունների դիմաց պատասխանատվությունից ազատում են, գործերը դարձնում են առեւտրի առարկա, աճուրդի դրած գործեր են դրանք: Ոչ մեկը հաշիվ չի տալիս իրեն: Մեր պետական անվտանգության խնդիրն է, ի վերջո, դրված: Որտե՞ղ են քննիչները, որտե՞ղ է Ռազմական ոստիկանությունը, որտե՞ղ են դատախազները: Այս մարդկանց ու կառույցներին մենք ենք վճարում մեր հարկերով: 30 տարի շարունակ նույն իրավիճակն է: Մեկը հարցնի սրանց` դուք ո՞ւմ եք պետք ընդհանրապես, եթե 30 տարի նույն վիճակում ենք»,- ասաց Կարապետյանցը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728