Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Փաշինյանի իշխանավարման տակ ճնշվող Հայաստանի այսօրվա իրականությունն է. «Փաստ»

Փետրվար 25,2025 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դժվար է ասել, թե ողջ մարդու տան դռանը դագաղի կափարիչ կամ սգո պսակ դնելն ինչո՞վ կամ ինչքանո՞վ է ժողովրդավարական դրսևորում: Դեռ այն ժամանակ էլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն աչքի էին ընկնում իրենց կաղապարներից տարբերվող կարծիք արտահայտողներին թիրախավորելու, նրանց հասցեին զազրախոսելու և այդպիսով այլակարծությունը լռեցնելու վայրագ դրսևորումներով, խոսքային ագրեսիայով:

Իշխանության ու պաշտոնների քաղցրությունն զգալուն պես նրանց այդ արատն ավելի ու ավելի ցայտուն սկսեց դրսևորվել: Այդ շարքում կարելի է հիշատակել Փաշինյանին քննադատող առանձին հրապարակային անձանց վրա խուլիգանական հարձակումները:

Հետագայում այդ արատն արդեն էլ ավելի խորացավ ու ներկայում դրսևորվում է որպես խոսքի ազատության, այլակարծության դեմ պետական մակարդակով, ռեպրեսիվ մեքենայի ամբողջական ներգրավմամբ իրականացվող համակարգված պայքար կամ արշավանք:

Վերջին թարմ օրինակը հանրային գործիչ Էդգար Ղազարյանի հետ կատարվածն էր: Փաշինյանի իշխանությունը ցանկանում էր նրան ազատությունից զրկել այն բանի համար, որ դատավորների հասցեին «բան էր ասել»: Այդ «գործի», ավելի ճիշտ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատը, բնականաբար, բազմաթիվ սուր և ծաղրական արձագանքների արժանացավ: Ամեն դեպքում, դատարանը մասնակի բավարարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը և մարդու խոսքի ազատության և իրավունքի սահմանափակման պատժամիջոց կիրառեց:

Ըստ այդմ՝ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի իրավունքը՝ իր հրապարակային ելույթներում ներկայացնել դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Այսինքն, պատկերացնում եք, չէ՞, որևէ իշխանավորի հասցեին որևէ քննադատական խոսք ես ասում հրապարակավ, ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ նա գտնվում է այսինչ դատավորի կամ այնինչ դատախազի խնամքի կամ հսկողության տակ: Չէ, սա զավեշտ չէ: Սա ավելի վատ բան է: Սա Փաշինյանի իշխանավարման տակ ճնշվող Հայաստանի այսօրվա իրականությունն է:

Բայց միայն այս դեպքը չէ: Ժամանակային առումով շատ հեռու չգնալով՝ հիշեցնենք 70ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի հետ կատարվածը: Մարդը սոցցանցում ընդամենը հարցադրում էր արել, թե՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», դա Փաշինյանի իշխանությունը որակել էր ոստիկանության նկատմամբ ատելության սերմանում (կարծես հանրությունը հատկապես ժողովրդի վրա բեկորային նռնակներով վայրագաբար հարձակումից հետո ոստիկանության հանդեպ սիրուց տոչորվում է), ու մարդուն ուզում էին կալանավորել: Չկալանավորեցին, բայց խոսքի ազատությունից առժամանակ զրկեցին:

Էլի նման դեպքեր կարելի է հիշել ու հիշատակել: Բայց հարցը դա չէ: Հարցն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն վախենում է ազատ խոսքից, հրապարակային քննադատությունից, այլև ամեն կերպ ձգտում է այն սահմանափակել: Օրվա բարձրաստիճան պաշտոնյաներն օրումեջ «դատի են տալիս» ամենատարբեր լրատվամիջոցների ու լրագրողների: Ու դա ևս նպատակաուղղված է խոսքի ազատությունը սահմանափակելուն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728