Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանը չի բացահայտել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում. «Հրապարակ»

Փետրվար 25,2025 10:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողովի ղեկավար նշանակված Գրիգորյանը, սակայն, չի բացահայտել, թե հատկապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր փաստաթղթում, եւ անվտանգության ռազմավարությունն ինչու պետք է փոփոխություններ կրի։ Նոր ռազմավարության մասին անցած ամիսներին հրապարակավ խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 28-ին նա հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով վերջին տարիներին երկրի անվտանգային միջավայրում տեղի ունեցած փոփոխությունները։ Անցած ամառ էլ խորհրդարանում հայտնել էր, որ փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն սկսել են։ Ասել էր՝ ռազմավարության վերաբերյալ շատ էական հարց կա, որ կառավարությունը պետք է պատասխանի՝ արդյոք Հայաստանը որեւէ դաշինքի անդամ պե՞տք է լինի, թե՞ ոչ։ «Օրինակ՝ Հայաստանը պետք է բլոկային երկի՞ր լինի, թե՞ ոչ բլոկային երկիր: Թվում է, թե շատ պարզ հարց է, բայց ես չեմ հավակնի ասել, որ ես էսօր ունեմ համոզմունք էդ թեմայի հետ կապված»,- ասել էր նա։

Մինչդեռ նախորդ ռազմավարությունում շեշտվում է, օրինակ, ՀԱՊԿ-ի նախաձեռնություններին Հայաստանի ակտիվ մասնակցության մասին, նշվում, որ Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու եւ կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ։ Ներկայում Հայաստանը, սակայն, սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու հրաժարվում է անդամավճար մուծել։ Պաշտոնական Երեւանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները փչացան 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո։ Հայաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կառույցը ոչ միայն չի պաշտպանել իր անդամին, այլեւ անգամ պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Բայց անվտանգության ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունն այլ հանգամանքներով է իրականում պայմանավորված` 2020-ի հուլիսին ընդունված փաստաթղթում առանձին գլուխներ կան ցեղասպանության ճանաչման, Արցախի վերաբերյալ։ Հայաստանը ներկայացվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Իսկ ազգային անվտանգության ռազմավարությունները, որպես կանոն, արտացոլում են գործող իշխանությունների ընկալումներն իրենց շրջապատող աշխարհի, արտաքին քաղաքական նպատակների եւ տեսլականների վերաբերյալ: Նախորդ փաստաթղթի արձանագրումներից ոչ մի բան գործող իշխանությունը չի կատարել, արել է ճիշտ հակառակը այն ամենին, ինչի մասին գրել են փաստաթղթում։ Կարելի է ենթադրել, որ անվտանգության ռազմավարության փոփոխությունը եւս իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով` ի հավատարմություն վերջին տարիներին որդեգրած թրքահաճո քաղաքականության: Պարզ է, որ Անկախության հռչակագրի դեմ պայքարող թշնամին պահանջելու է բոլոր հնարավոր եւ անհնար տեղերից ջնջել «Արցախ» բառը, հուր-հավիտյան մոռանալ դրա մասին, ուրանալ ցեղասպանության փաստը, հընթացս էլ ՌԴ-ի դեմ մի քանի բան գրել, որ հայ-ռուսական դաշինքի վերականգնում արդեն անհնար լինի։

Դիցուք՝ նախորդ ռազմավարության փաստաթղթում ամրագրվել էր. «Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից, եւ մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած եւ Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության եւ ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է եւ ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին»։

Փաստաթղթում՝ որպես Հայաստանի հիմնարար ազգային շահեր, սահմանված էր 4 նպատակ` Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի անվտանգության ապահովումը, խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովումը, Հայաստանի քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը, ինչպես նաեւ երկրի կայուն տնտեսական զարգացումը։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ռազմավարությունն ընդունվել էր 2007 թվականին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728