ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մի սրտաճմլիկ, մարդասիրական ստատուս է գրել ֆեյսբուքյան հարթակում`քննադատելով ոչ թե իշխանությանը, որի գործողությունների դեմ Վարդգես Գասպարին ցուրտ եղանակին գետնին է պառկել, այլ սիրելի ընդդիմադիր ընկերներին: «Ծաղրանքի խրախճանքի եք հրավիրում այս մարդու նկատմամբ, ձեզանից քա՞նիսը, ինչպե՞ս ու ի՞նչ եղանակային պայմաններում է փորձել իր ձայնը լսելի դարձնել, երբ բողոք է ունեցել իշխանությունների ու իրավապահների դեմ։ Իշխանության սիրելի համակիրներ, որ թիրախավորում եք այս մարդուն, ձեզանից քանի՞սը, ինչպե՞ս, որքա՞ն գործնական է աջակցել իշխանության ռեֆորմներին»: Սա հատված էր Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից: Նկատենք, որ պատգամավորն այդպես էլ չի նշել, թե ինչ պահանջով է ցրտին պառկել գետնին Գասպարին:
Իհարկե, Թագուհի Ղազարյանը, եթե լիներ պարզապես ակտիվիստ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից, նրա գրածը հասկանալի կլիներ, բայց նա պատգամավոր է Արշալույսից և ներկայացնում է իշխանական խմբակցությունը, ավելին` ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի փոխնախագահն է: Մարդ, որը պետք է և պարտավոր է անարդարություններին արձագանքել ոչ թե ստատուս գրելով, այլ գործով. կուսակցության ակտիվի նիստերի ժամանակ, ԱԺ նիստերի ժամանակ, վարչապետի հետ փակ հանդիպումների ժամանակ նա ոչ միայն պետք է խոսի անարդարությունների պատճառների մասին, այլ ջանքեր գործադրի՝ դրանք բացառելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Ավելին՝ Թագուհի Ղազարյանի գրածը հավանել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Հայկ Ցիրունյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հիմա փաստերով խոսենք. Վարդգես Գասպարին մինչև ցրտին դատարանի դիմաց պառկելը, մինչեւ ոստիկանական բանդայի ուղեկցությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանին խոշտանգողներին պատժելու պահանջը ներկայացնելը, 2023 թ. ապրիլի 2-ից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց բռնել քաղաքացու ձեռքերը և թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին, բավականին հաճախ է ԱԺ Դեմիրճյան պատգամավորական մուտքի մոտ պառկում ասֆալտին` պահանջելով պատժել Ալեն Սիմոնյանին: Բայց Թագուհի Ղազարյանը և մյուս ՔՊ-ականները նման ստատուս չեն գրել: Վարդգես Գասպարին պայքարում է, որ ԱԺ նախագահը չթքի, և եթե թքել է, պատժվի, իսկ ՔՊ-ականները լայք են դնում միայն նրա պայքարի ձգտումներին` աչք փակելով նրա պահանջների իրականացման անհրաժեշտության վրա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում