Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք «Այլընտրանքի» համար

Փետրվար 25,2025 10:00

Ինչպես եւ սպասվում էր, անցած կիրակի Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ «աջակողմյան» կուսակցությունը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը եւ, նախնական տվյալներով, հավաքելով մոտ 20 տոկոս: Սոցիալ-դեմոկրատները, կարելի է ասել, պարտություն կրեցին՝ ստանալով ձայների 16 տոկոսը: Հաղթել են աջ-կենտրոնամետ քրիստոնյա-դեմոկրատները՝ /CDU/CSU միությունը/ 26 տոկոս: Կանցլերի հավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը խոստացել է կազմել կոալիցիա` ասելով, սակայն, որ որեւէ պարագայում չի միավորվի AfD-ի հետ:

Տասնամյակներ շարունակ սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները Գերմանիայում իրար էին փոխանցում կառավարության ղեկը՝ առաջին անգամ է, որ նրանց «արանքում» հայտնվել են ծայրահեղ «աջերը»: Դա, իհարկե, պատահականություն չէ, եւ արտացոլում է հասարակական միտումներն այսօրվա Արեւմուտքում: Թրամփի հաղթանակն այդ առումով չի կարելի «անոմալիա» համարել:

Ենթադրենք, մարդն ասում է, որ միգրանտներին պետք է ընդունել, նրանց պետք է կարեկցել, բայց պետք չէ գլխի վրա ման տալ, որ գերմանացին գերմանացի է, տղամարդը՝ տղամարդ, կինը՝ կին, եւ այդ ամենին գումարած՝ այդ մարդն ամեն կիրակի գնում է պատարագի: Արդյոք դրանից պե՞տք է եզրակացնել, որ նա ֆաշիստ է, ռասիստ է, սեքսիստ է, հոմոֆոբ է եւ հետամնաց «կղերա-ֆեոդալ»: Կարծում եմ՝ ոչ: Ենթադրում եմ նաեւ, որ Միացյալ Նահանգներում եւ Արեւմտյան Եվրոպայում մարդիկ հոգնել են իրենց ինքնության վրա ագրեսիվ հարձակումներից: (Մեզ մոտ դեռ չեն հոգնել. մենք առայժմ չենք հագեցել «ոչ մի բան» լինելու կասկածելի հաճույքից):

Անձամբ ինձ համար հատկապես անընդունելի է ագրեսիվ անհանդուրժողականությունը, որը թաքնվում է «հանդուրժողականության» քողի տակ, հակաժողովրդավարությունը, որը «ժողովրդավարության» թիկնոց է հագնում: Երեւույթի էությունը կարելի է բնութագրել հետեւյալ շանտաժ-սպառնալիքով. չհամարձակվես այսպես խոսել կամ այնպես մտածել, թե չէ մենք քեզ կդասենք «ռասիստ-սեքսիստների» շարքին: Դա մարդկանց լռեցնելու ժամանակակից «ժողովրդավարական» գործիք է: Դրա մասին էր, ի դեպ, խոսում ԱՄՆ փոխնախագահ Վենսն իր մյունխենյան հայտնի ելույթում:

Այստեղ, իհարկե, կարեւոր է հակառակ ծայրահեղության, այսինքն՝ իրական այլատյացության մեջ չընկել: Այդ մտահոգությունն է, հավանաբար, պատճառը, որ Գերմանիայում հարաբերական մեծամասնություն ունեցող քրիստոնյա-դեմոկրատները չեն ցանկանում դաշինք կազմել «Ալընտրանքի» հետ:

Ճոճանակը պետք է գնա «աջ» եւ «ձախ», բայց ոչ՝ այնպիսի տատանումներով, որ մարդիկ միջից ընկնեն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Փայլուն վերլուծություն։ Թեկուզ ամենասխալ ու անընդունելի կարծիք չի կարելի ագրեսիայով կամ արգելքով հաղթել

  2. Հ.Շ. says:

    Աստուծոյ, Ընտանիքի, Հայրենիքի եւ ազգային ինքնութեան հաւատացող, պահպանողական քաղաքական ուժերը, տեւական առաջընթացի մէջ են նաեւ հետեւեալ երկիրներում – վերեւ նշուած Գերմանիայէն եւ ԱՄՆէն զատ – ՝ Ֆրանսա, Իտալիա, Croatia, Չեխիա, Ֆինլանտ, Հունգարիա, Netherlands, Սլովաքիա, Փորթուկալ, Պելճիքա, Austria, Denmark, Սպանիա, Lithuania, Մալթա, Romania, Slovenia, Slovakia, Անգլիա, Կանադա: Այս ցանկը լրացուցիչ չէ:

    Իսկ ամէն դէպքում, Թրամփի վերընտրութիւնը ինքնին արդէն հաստատած է որ դա «անոմալիա» չէ: Նկատի ունենալով որ իր նախորդ նախագահութենէն մինչեւ երկրորդը, չորս տարիներ շարունակ, որեւէ բան չմնաց որ չփորձեցին, կանխելու համար իր վերադարձը: Հալածանքներ, բանտարկելու փորձ, մահափորձ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728