Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հենց տեսնում է մտածող մարդ, ցայտնոտի մեջ է ընկնում: Ինտելեկտուալները նրա թշնամիներն են». ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը սահմանափակելու մասին

Փետրվար 24,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Հայելի» ակումբում խոսել է Էդգար Ղազարյանի խոսքի իրավունքը մասնակիորեն սահմանափակելու, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականության մասին:

«Ակնհայտ է մի բան: Նրանք ուզում են Էդգար Ղազարյանին լռեցնել, որովհետեւ ինքը կարողանում է նստել էկրանի առջեւ եւ այնպես անել, որ իրեն ավելի շատ են դիտում, քան Նիկոլ Փաշինյանին: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի համար: Նիկոլ Փաշինյանի համար պետությունը, ընտանիքը, սրբությունը մի կողմ՝ ինքը պետք է իրադարձությունների կենտրոնում լինի: Եթե երկրորդ պլանում է, դա մահացու է իր համար: Իսկ Էդգար Ղազարյանը այդպես է արել իրեն: Նա այնպես է անում, որ պետական կառավարման, դատաիրավական համակարգում աշխատողները մինչեւ հակաօրինական քայլ կատարելը մտածեն՝ ճի՞շտ են անում, թե չէ: Ըստ էության, գաղափարը, ինչի շուրջ Էդգար Ղազարյանը խոսում է, այն է, որ մի կատարեք անօրինական հրամաններ, ապօրինություններ:

Նիկոլ Փաշինյանը այդքան շա՞տ է սիրում դատական համակարգը: Ինքն էր չէ՞ ասում՝ պատի տակ վնգստացող դատավորներ, ինքն էր չէ՞ կազմակերպել գրոհը դատարանների վրա, ասում էր, որ չկա այնպիսի դատավոր, որը վարչապետի ասածը չանի: Եվ եթե որեւէ դատավոր, որն իրեն մարդ, հայ է զգում, խղճի մտոք եւ օրենքի շրջանակներում վճիռներ է կայացնում, ազատում են, քրեական հետապնդում են իրականացնում: Հիմա էլ այդ դատավորներին, որոնց ասել է պատի տակ վնգստացող, ասում է. «դուք արեք իմ ասածը, ես ձեզ պաշտպանում եմ, ով հայելի է պահում ձեր առջեւ, որ ձեզ տեսնեք, ես նրա նկատմամբ քրեական հետապնդում եմ իրականացնում: Նիկոլ Փաշինյանը հենց տեսնում է խելոք մարդ, մտածող մարդ, ցայտնոտի մեջ է ընկնում: Ինտելեկտուալները նրա թշնամիներն են: Սատանայի համար ինչքան խավար, այնքան լավ: Սատանան վախենում է հույսից, լույսից, հավատից:

Խոսելով աշխարհում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների մասին՝ պարոն Նիկոյանն ասաց. «Մինչեւ հիմա գնում էր աշխարհաքաղաքական պայքար, Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմին ներում եւ խրախուսում էր նրա համար, որ նա հակառուսական կեցվածք ունի, այսպես ասած, «քսի» էին տալիս Ռուսաստանի վրա եւ մեր այս թույլ, պարտված ուսերին լրացուցիչ բեռ էր ուզում դնել:

Ի՞նչ վիճակ է Հայաստանում այսօր: Հասարակությունը այլեւս զզվում է Նիկոլից եւ իր ռեժիմից, այլեւս չի ընդունում իրենց, իրենք մերժված են հայ ժողովրդի կողմից, հայ ժողովուրդը այլեւս հասկացավ, որ բոլոր դժբախտությունների պատճառը մի անուն ունի՝ «Նիկոլ»: Հետաքրքիր փաստ է, որ Նիկոլը եւ իր ռեժիմը նույնպես հասկացել են, որ հասարակության մեջ իրենք հենարան չունեն: Իր հենարանը դատաիրավական համակարգի միայն մի մասն է մնացել:

Արտաքին քաղաքական դաշտում մինչեւ այդ ինքը գտնում էր, որ հենարան ունի Արեւմուտքում: Միշելն էր բաներ խոստանում, թե հրաժարվիր Արցախից՝ լավ կլինի, Մակրոնը, Բլինքենը, անգլիական հետախուզությունը: Հիմա միանգամից փոխվեց ամեն ինչը աշխարհում: Շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, հարաբերությունները արտաքին աշխարհի հետ ձեւավորվում էր հակասությունների վրա: Այսինքն, Հայաստանի ոչ բարով իշխանությունը իր քաղաքականությունը վարում էր այսպես. Արեւմուտքն ու Ռուսաստանը թշնամություն են անում, ես արեւմտյան քաղաքականություն անեմ, խփեմ Ռուսաստանին, փորձեմ ինչ-որ բաներ անել, դուր գամ Արեւմուտքին, Արցախն էլ ծախեմ, որպեսզի եթե պետք է Արեւմուտքին, Ռուսաստանը իր զորքերն էլ հանի Արցախից: Գերտերությունների հակասության վրա քաղաքականություն ձեւավորելը ամենավտանգավորն է, այն, ինչ արեց Ուկրաինան:

Հիմա այդ գերտերությունները հակասությունները դրել են մի կողմ, զբաղված են աշխարհի վերաբաժանմամբ: Պատկերացրեք ինչ վիճակում է հայտնվել Ուկրաինան, ինչ վիճակում է Հայաստանը: Մենք հիմա Ուկրաինայի դարդն ենք լացում, բայց մեր դարդը լացելու է արդեն: Մենք Արցախ, մեր հայրենիքի չքնաղ մասն ենք կորցրել, Ամարասը մերը չի արդեն, թուրքն է այն տրորում: Ցեղի տականքը դա չի հասկանում: Բայց ժողովուրդը հասկանո՞ւմ է, որ Ամարասում, Գանձասարում թուրքն է ոտքը դնում»,-ասաց պարոն Նիկոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728