Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի նկատմամբ։
Վարույթը հարուցվել է «Հետք» լրատվականի՝ «Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ» հրապարակման հիման վրա իրականացված ուսումնասիրություններով։
Նշենք, որ հրապարակման համաձայն՝ Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։
«Փաստինֆո»-ն ԿԿՀ-ից տեղեկացավ, որ ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ պայմանագրերը (թվով հինգ) կնքելուց առաջ Դավիթ Ղումաշյանի կողմից օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովին չեն ներկայացվել դրանց կնքման փաստի վերաբերյալ հայտարարություններ։
Կարդացեք նաև
Իրավակարգավորումների վրա հղում կատարելով՝ ԿԿՀ-ն արձանագրել է, որ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն կամ կարող էր կատարել գործողություն(ներ), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ նա այդ մասին Օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողովին՝ թույլ տալով օրենքի պահանջի առերևույթ խախտում։ Ըստ այդմ, ԿԿՀ-ն որոշում է կայացրել՝ Դավիթ Ղումաշյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան