Վերջին օրերին ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները գրում են, թե ում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս հանվել, իսկ բիզնես-նախագծերը վերահսկում է հենց Ալիևի աշխատակազմը: Մասնավորապես «Արցախբանկ»-ի շենքը, «Վալեքս գարդեն» ու «Եվրոպա» հյուրանոցներն Ադրբեջանի իշխանությունը ներդրումային նոր ծրագիր է ներկայացնում՝ պնդելով, թե դրանք նոր են կառուցվել՝ բյուջեի հատկացումների արդյունքում:
Թեմայի վերաբերյալ «Region Monitor»-ը զրուցել է քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Դավիթ Սարգսյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ նման գործողություններով ադրբեջանական իշխանությունները խնդիր ունեն ցուցադրել, որ վերաբնակեցնում և վերակառուցում են Ստեփանակերտն՝ ամեն կերպ այն ադրբեջանական քաղաք ներկայացնելով: Սարգսյանի խոսքով դա է պատճառը, որ գոյություն ունեցող շենքերի և կառույցների արտաքին տեսքը փոխելով՝ ներկայացնում են որպես նոր ծրագրեր: Իսկ նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսներ, որոնք էլ, փաստացի, յուրացվում են:
Որպես երկրորդ նպատակ Սարգսյանն առանձնացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացում: Նման խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման կամ արդեն գոյություն ունեցող շենքերի ձևափոխման համար մեծ գումարներ են դուրս գրվում պետբյուջեից:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նաև նշել է, որ դեռևս 44-օրյա պատերազմից հետո, երբ Ստեփանակերտն Ադրբեջանի վերահսկողության տակ չէր, Բաքվի իշխանությունները հայտարարել էին «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման մասին: Սրան զուգահեռ սկսվեցին նաև շինարարական շատ աշխատանքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Քաղաքագետի խոսքով՝ այս ծրագրերի և աշխատանքների արդյունավետության շուրջ շատ կասկածներ և բացեր կան:
Քաղաքագետը հիշեցրել է, որ այս ծրագրերի շրջանակում է, որ Ադրբեջանը կառուցել է 2 օդանավակայան և ևս մեկը կառուցում է Բերձորում (Լաչինում): Այս օդանավակայանները տարին մի քանի անգամ են գործում: Իսկ թե ո՞րն է նման խոշորամասշտաբ ֆինանսներ պահանջող ծրագրերի իրականացումը, փորձագետի խոսքով, բաց հարց է մնում:
Սարգսյանը շեշտել է, որ այս ծրագրերի ոչ բոլորի վերաբերյալ են առկա բաց տվյալներ, և դրանք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց արդյունավետությամբ: Քաղաքագետը որպես օրինակ ներկայացրել է Ստեփանակերտի այսպես կոչված «վերաբնակեցումը»՝ հավելելով, որ չկան հստակ և ճշգրիտ թվեր, թե քանի մարդ է տեղափոխվել քաղաքում բնակվելու համար: Սարգսյանը նշել է, թե ըստ առկա տեղեկատվության՝ Ստեփանակերտում բացված «համալսարանում» իբրև սովորում են հազարավոր ուսանողներ, բայց դարձյալ նրանք երևում են միայն որոշ բլոգերների կամ համացանցի օգտատերերի տեսանյութերում:
Փորձագետը համոզված է, որ Ստեփանակերտում քաղաքացիական բնակչությունը շատ փոքրաթիվ է:
Սարգսյանը նաև հավելել է, որ Ադրբեջանն ակտիվ իրականացնում է վանդալիզմ և մշակութային ժառանգության ոչնչացում: Ընդ որում՝ թիրախում ոչ միայն արցախյան ու հայկական թեմատիկան է, այլև, հայկականություն հիշեցնող ցանկացած իրողություն՝ օրինակ Երկրորդ Համաշխարհային պատերազմի զոհերին ոգեկոչման որևէ հուշակոթող: Ըստ նրա՝ նման գործողությունները ոչ միայն չեն սանձվում, այլև պետական մակարդակով քաջալերվում են: