Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցին պիտի երաշխիք ունենա, որ իր թեկնածուն հաղթելուց հետո ՔՊ-ի հետ չի համագործակցելու կամ բանտում չի հայտնվելու»․ Կարապետ Պողոսյան

Փետրվար 24,2025 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, կարծիք հայտնեց, որ մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությունը դժվար թե որևէ բան փոխի մեր իրականության մեջ։

«Եթե այս ընտրությունները լինեին նորմալ քաղաքական իրավիճակում, բնականաբար, ինչքան շատ քաղաքական ուժեր մասնակցեին, այնքան լավ։ Իսկ այս իրականության դեպքում խոշոր հաշվով դա որևէ բան չի փոխելու և գնահատանքի արժանի չի կարող լինել՝ լավ կամ վատ առումով, որովհետև մի բան մեր համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալն ուղղակի աբսուրդ է։

Տեսեք, նշեցիք, որ բազմաթիվ քաղաքական ուժեր են մասնակցում, բայց ես չեմ տեսնում, որ մասնակցեն դասական իմաստով իրական քաղաքական կուսակցությունները, որովհետև այսօր ով, ինչ էլ ասի՝ Հայաստանում փաստացի գոյություն ունի երկու կուսակցություն՝ ՀՅԴ և ՀՀԿ։

Ես չեմ տեսնում, որ այս կուսակցությունները մասնակցություն ունենան և դա շատ բնական է․ ո՞ր իշխանության հետ գնաս, մտնես ընտրապայքարի և ի՞նչ անես գործող քաղաքական ուժի հետ։

Եղան ՏԻՄ ընտրություններ Վանաձորում, և հաղթող թեկնածուն հայտնվեց բանտում, այսինքն ժողովրդի կարծիքը բացարձակապես հետաքրքիր չէր Նիկոլ Փաշինյանին։

Կամ վերցնենք Գյումրին, տեսանք, որ տեղի ունեցան ընտրություններ, այդ ընտրապայքարի արդյունքում ձևավորվեց կոալիցիա, ու այն միանգամից փուլ եկավ այն ժամանակ, երբ որ պարզվեց, որ ՔՊ-ի տեղի իշխանավորներից մեկը ինչ-որ կեղծիք էր կատարել ու հարևանի պատը զավթել էր (Կ․ Պողոսյանի խոսքը նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի մասին է․հեղ)։

Այդ ամենը բերեց-հասցրեց նրան, որ նախկին քաղաքապետի տղան (խոսքը Սամվել Բալասանյանի որդու մասին է, հեղ․)գտնվում է անաազատության մեջ, իսկ նախկին քաղաքապետը՝ հետախուզության մեջ։ Այսինքն՝ մենք ունենք այնպիսի մի իրականություն, որ ինչ էլ լինի, միևնույնն է՝ ՔՊ-ն ինքն է նշանակելու իր ուզած քաղաքապետին։

Այս պահին ես հիշեցի մի օրինակ, երբ որ ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, այնտեղ ՔՊ-ի թեկնածուն պարտվեց, բայց նույն ՔՊ-ական պատգամավոր, անունը չեմ հիշում, հայտնի է «Շիշ բռնող» անվանումով (խոսքը Հայկ Սարգսյանի մասին է, հեղ․) , մի գրառում արեց, ասաց՝ Գավառում պարտվեց ՔՊ թեկնածուն, բայց հաղթեց ՔՊ-ն։

Այսինքն սա հերթական ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալն ուղղակի անմիաստություն է և այստեղ լեգիտիմացվում է հենց իշխանությունների կեղծարարությունը, իշխանությունների այլանդակությունները»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Մեր զրուցակիցն ասում է՝ գուցե Գյումրիում ՔՊ-ն պարտություն կրի, բայց ինքը մտահոգ է այն թեկնածուների համար, որոնք եթե սկզբից ևեթ նույն ձևով չաշխատեն, ինչպես նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, պաշտոնը ստանձնելուն պես կհայտնվեն բանտում։

«Վարդգեսը, փառք Աստծո, մինչև հիմա բանտում չի հայտնվել, բայց ինքն այդ նույն կարգավիճակում հայտնվեց, ինչ պետական մյուս պաշտոնյաները, որոնք մի գիշերվա մեջ ընդամենը մեկ SMS-ով հրաժեշտ տվեցին իրենց աթոռներին։

Իրականությունը Գյումրիում սա է, հետևաբար և ինչ-որ սպասումներ ունենալ, լարվածության մեջ մտնել, կարծում եմ իմաստ չունի»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

Նա նշում է՝գյումրեցիները պիտի երաշխիք ունենան, որ իրենց թեկնածուն հաղթելուց հետո ՔՊ-ի հետ չի աշխատելու և դա չլինի միայն խոսքերով։

«Իհարկե, այդ երաշխիքը չկա փաստացի, բայց գյումրեցին իմանա, եթե ընտրեց որևէ մեկին, վատություն հո չի անում իր թեկնածուին, իր թեկնածուն չգնա ու իր գործունեությունը շարունակի քրեակատարողական հիմնարկից»։

Ըստ նրա, եթե ընդդիմադիր դաշտից ընտրված քաղաքապետը չմերժի Նիկոլ Փաշինյանին ու գնա համագործակցության, նրա ճանապարհը շատ կարճ կլինի։

«Դու ասում ես՝ ես գնում եմ, որ Սարիկը չլինի, բայց չես ասում, որ քո լինելու դեպքում, չես գնալու ու ծաղկեփնջով դիմավորես էն հայտնի կրթող, անկիրթ կնոջը», -ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Մեր զրուցակցի համոզմամբ, թեկնածուներից շատերը պոտենցիալ քաղբանտարկյալներ են։

Ըստ նրա, երկիրը փրկելու դեպքում միայն կարող են ՏԻՄ ընտրություններ անցկացնել ու քաղաքական երկխոսություն ձևավորել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728