Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 1991-ին արդեն Ալմաթայի հռչակագրով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի կազմում, հարց դեսպանին՝ Ֆրանսիայի նախագահներ Օլանդը և Սարկոզին հինգ հայտարարություն ինչի՞ մասին էին անում»․ Էդուարդ Շարմազանով

Փետրվար 24,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շառլ Միշելի և Մակրոնի ներկայությամբ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը՝ նա ասաց․ «Քանի որ դեսպանի ղեկավարը եղել է այդ գործընթացի մասնակից-հովանավորներից մեկը՝ Շառլ Միշելի հետ մեկտեղ, հետևաբար դեսպանը փորձում է և′ Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել Արցախի հանձնողի պիտակը, և′ փորձում է արդարացնել իր ղեկավարի միջնորդական գործունեությունը»։

Հիշեցնենք՝ Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022-ին՝ Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, որին Փաշինյանից և Ալիևից բացի մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է նա։

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ դեսպանի հայտարարությունը քաղաքական տգիտություն է․ «Ալմաթայի հռչակագրով նման բան չկա։ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եղել և ճանաչված է առ այսօր Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։ Եթե 1991-ին արդեն Ալմաթայի հռչակագրով Ղարաբաղը՝ Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի կազմում, հարց դեսպանին՝ Ֆրանսիայի նախագահներ Օլանդը և Սարկոզին հինգ հայտարարություն ինչի՞ մասին էին անում։ Էլ չեմ ասում կազանյան փաստաթուղթ է եղել դրանից հետո, CEPA-ն, որտեղ նույն Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է CEPA-ն, որում ամենաառանցքային հարցերից մեկն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր ԵՄ անդամ երկրների և մասնավորապես Ֆրանսիայի կողմից: Եվ վերջում մի հատ էլ «զդաչին» իրենց՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար պարոն Բորելը 2023-ին հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջին ՀՀ ղեկավարն է, որն ուղղակի ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728