Առավոտյանների ավատարների ընտանիքի մայրիկը հավատացել է, որ եթե խաղարկության մասին հայտարարությունը տարածի իր էջում և մեկնաբանությունում գրի՝ «կատարված է», ինչպես հայտարարության մեջ է նշված, ապա կարող է հեռախոս շահել։
Aravot.am-ը «Առավոտյանների ընտանիքի» շարքի՝ այս հոլովակում ներկայացնում է շատ տարածված մի իրավիճակ, երբ խաղարկությամբ հեռախոս շահելու մասին ապատեղեկատվությամբ մարդկանցից անձնական տվյալներ են կորզում։ Իսկ այս ամենին հավատացել է ավատարների ընտանիքի մայրիկը։
Որդին նրան ներկայացնում է, թե ինչ մեդիագրագիտության կանոնների հետևի և վստահեցնում՝ համացանցում խոշոր շահում ունենալու հավանականությունը քիչ է։ Առավել ևս, եթե շահումը ստանալու համար բանկային քարտի տվյալներ ուզեն, պետք չէ չհավատալ․ խարդախություն է։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։
Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։
Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։
Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։
Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։
Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։
Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։
Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։
Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։
Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ