Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ուրախ է տեղեկացնել, որ դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն կմիանա Համագումարին և նրա քարոզիչներին ամբողջ երկրից՝ Վաշինգտոն մայրաքաղաքում մարտի 31-ից ապրիլի 2-ը կայանալիք 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովին:
Իր հայկական ժառանգության հետ ավելի սերտ կապ հաստատելու համար Ջո Մանգանիելոն 2024թ․-ին մեկնեց Հայաստան՝ տասը օրով շրջելով երկրում և ծառ տնկեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի պատիվ իր տատիկի և նախատատի՝ Թերվիզ «Ռոզ» Դարաքջյանի։ Նրան ընդունեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլ պաշտոնյաներ, ովքեր ուրախ էին ընդունել անվանի դերասանին իր պապենական հայրենիքում։
Ի հիշատակ իր նախատատի և տատիկի, նա դաջել է հայերեն ուղղափառ բառեր՝ հրեշտակ ձախ նախաբազկին, իսկ աջ նախաբազկին՝ բախտ, որը նաև նշանակում է ճակատագիր։ Բառերը նրա համար նկարել է հայ անվանի գեղագիր Ռուբեն Մալայանը։ «Ձեռագիրն այնպիսին է, ինչպիսին կկարդար ցեղասպանությունից մազապուրծ իմ նախատատը»,– ասաց նա Ջուլի Ջորդանին PEOPLE-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես լիովին տեղյակ եմ մեր փորձառության նախապատմությանը՝ որպես ամերիկահայեր և հայ ժողովրդի համար իր մշակույթը կենդանի և ծաղկուն պահելու կարևորությանը: Ես անհամբեր սպասում եմ Համագումարի Քարոզչական գագաթնաժողովին, մինչ մենք միասին կշարունակենք բարձրացնել իրազեկվածությունը հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների մասին»,– ասաց Ջո Մանգանիելոն։
Կարդացեք նաև
Դերասան, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր Ջո Մանգանիելոն այսօրվա հոլիվուդյան կինոյի և հեռուստատեսային արդյունաբերության առաջատար գործիչներից է: Որպես NBC-ի «Deal or No Deal Island» հիթային սերիալի հաղորդավար՝ նրան ճանաչում են միլիոնավոր հեռուստադիտողներ: Մանգանիելոն իր պրոֆեսիոնալ կինոկարիերան սկսեց խաղալով Ֆլեշ Թոմփսոնի դերը Սեմ Ռայմիի Սարդ-մարդում։ Նրա բեկումնային դերը եղավ մարդագայլ Ալսիդ Էրվոյի դերը HBO-ի «Իսկական արյուն» սերիալի հինգ սեզոններում: Մանգանիելոն հայտնի է նաև իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ Magic Mike, Magic Mike XXL, Pee-wee’s Big Holiday, What to Expect When You’re Expecting, Sabotage և Rampage:
Ծնված լինելով Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում՝ Սյուզան (Բրաչանոու) և Չարլզ Ջոն Մանգանիելլոյի ընտանիքում, Ջոն մեծացել է Մաունթ Լեբանոնում: Ավագ դպրոցի տարիներին ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի թիմերի ավագն էր և երեք սպորտաձևերում էլ հանդես էր եկել համալսարանական մակարդակում։ Դպրոցական տարիներից էր, որ ընկերների հետ սկսեց ֆիլմեր գրել և բեմադրել, և արդյունքում սկսեց հետաքրքրվել դերասանությամբ։ Ջոն սովորեց դերասանական գործ The Carnegie Mellon School of Drama-ում, որից հետո տեղափոխվեց Լոս Անջելես։ Նրա կրտսեր եղբայրը՝ Նիկոլասը, նույնպես նրա պրոդյուսերական գործընկերն է։
«Մեզ համար պատիվ է, որ Ջո Մանգանիելոն կմիանա այս տարվա Քարոզչական գագաթնաժողովին»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը։ «Նրա եռանդն ու նվիրվածությունը իր հայկական արմատներին շատ բաների մասին են խոսում: Մենք ակնկալում ենք շատ արդյունավետ և հաջող գագաթնաժողով»,– հավելեցին համանախագահները:
2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովը, ինչպես և նախորդ տարիներին, կներառի տեղեկատվական ճեպազրույցներ ու պանելային քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ կոնգրեսականների հետ, և կավարտվի Կապիտոլիումի բարձունքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությամբ: Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար սեղմեք այստեղ: