«Սա Շուշիի Ղազանչեչոցի չորս հրեշտակներից մեկն է, և ուզում եմ առաջարկել, որ այս խորհրդանիշը լինի հայ ռազմագերիների ազատության պայքարի համար խորհրդանիշ»,- իր գործով դատական նիստից հետո դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պայքարը համակարգելու խնդիր կա․ «Ճիշտ կլինի՝ համազգային ապակենտրոն պայքար լինի, և որոշակի բրենդային խորհրդանիշ է պետք։ Չգիտեմ՝ Շուշիի հրեշտակից ավելի լավ խորհրդանիշ ո՞վ կարող է լինել այդ ճշմարտության բարձրաձայնման, աշխարհին տեղեկացնելու, հույսի և Արցախ վերադառնալու համար»։
Լրագրողներն Արմեն Աշոտյանին խնդրեցին մեկնաբանել նաև Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանն անկախ իր տարիքից լավ չի տիրապետում բանակցային գործընթացին։ Եթե արտաժամյա պարագայում որոշել է Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերել, թող իմանա՝ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած քաղաքական, դիվանագիտական ժառանգության հաշվին։ Զավեշտալի է դիվանագիտական առումով դա մեկնաբանելը։ Նույն Ֆրանսիայի ստորագրությունը, որ հիշեք՝ համանախագահ երկրների՝ Սերժ Սարգսյանի օրոք ու շնորհիվ ստացած հիմնարար սկզբունքների՝ 2009-2013-ին, կարծում եմ դրանից զատ ավել բան պետք չէ ասել»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին մինչև 2026-ը հնարավո՞ր է հեռացնել, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանին ամեն պահի հնարավոր է հեռացնել, և ցանկալի է, որ դա լինի հայ ժողովրդի հեռացումը, ոչ թե դրսից իրականացված օպերացիաների արդյունքում՝ ինչպես տեսնում ենք Զելենսկու պարագայում։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ով ուզում է գնալ, թող գնա, ով դեռ չի որոշել՝ ինչպես մենք, կորոշի։ Այս ընթացքում շատ հիմնավորումներ են հնչում, որոնք քննադատության չեն դիմանում։ Օրինակ՝ իմ խորին կարծիքով, եթե 2021-ին հիմնարար ընդդիմադիր ուժերը, որ փողոց էին լցրել, չգնային ընտրության, էդ ընտրությունը չէր լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ 2021-ին դրեց ընտրություններ, քանի որ փողոցում ճնշում կար։ Այն 22-23 նորելուկ ուժե՞րն էին ճնշում, թե՝ հիմնարար ընդդիմադիր ուժերը, որոնց մեծ մասն այսօր խորհրդարանում է։ Ինչ վերաբերում է նրան, որ 2018-ի ընտրություններն են քննարկում, ապա ՀՀԿ-ն միակ քաղաքական կուսակցությունն է եղել այդ ժամանակ, որ ասել է՝ Քոչարյանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում և պահանջել է անհապաղ ազատում։ Իսկ 2018-ին ընտրություններին՝ մեր ու Դաշնակցության մասնակցությունը պայքար էր ազգային ընդդիմություն պահպանելու համար ՀՀ-ում, ինչը եղավ։ Գումարեք 2018-ի՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության թվերը, կտեսնեք, որ մեր ձայները միասին, գոնե մաթեմատիկան ցույց է տալիս, որ խորհրդարանում այդ ժամանակ կլինեինք երկրորդ ուժը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ