Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ դեռ առջևում է». Սերգեյ Շահվերդյանը Արցախյան շարժմանն իր մասնակցությունը կենսագրության ամենապանծալի էջն է համարում. «Ապառաժ»

Փետրվար 24,2025 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«1988 թվականի փետրվարի 20-ը շատերը համարում են Արցախյան շարժման սկզբնավորման ամսաթիվ, սակայն դա շարժման միայն հրապարակային փուլի սկիզբն էր»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ Սերգեյ Շահվերդյանը։ Նա Արցախյան շարժմանն իր մասնակցությունը սեփական կենսագրության ամենապանծալի էջն է համարում և համոզված է, որ ամեն ինչ դեռ առջևում է։

«Իշխանությունները գալիս-գնում են, իսկ արթուն գաղափարները նպաստավոր պայմաններում վերածվում են գործողություների, որոնք կարող են պսակվել հաջողությամբ։ Չպետք է հուսահատվել, պետք է մի քիչ ավելի լայն նայել ու կտեսնենք, որ ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է նա։

Սերգեյ Շահվերդյանը հիշեցրել է, որ Արցախյան շարժումը սկսվել է 1985 թվականին, երբ ընդհատակյա խմբեր էին ձևավորվում, որոնք տարբեր հասանելի միջոցներով քարոզում էին վերամիավորման խնդիրը, հող էին նախապատրաստում Արցախյան շարժման հրապարակային փուլի համար։

«Այն սկսվել է 1987-ին ստորագրահավաքներով ու շարունակվել 87-ի վերջին ժողովրդական տարբեր կոլեկտիվների ժողովներով, վերամիավորման մասին համապատասխան բանաձևերով։ Շարժման հրապարակային փուլի սկիզբը կարելի է համարել փետրվարի 13-ը, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, այն մինչև հիմա ընդունված է համարել ուսանողական հանրահավաք, որովհետև մղիչ ուժը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի, գյուղատնտեսական ինստիտուտի, երաժշտական ուսումնարանի ուսանողությունն էր»,- պատմում է այս իրադարձությունների մասնակիցը։ Խոսելով այն ժամանակվա ոգու, տիրող մթնոլորտի մասին, նա նշել է, որ ոգևորությանը զուգահեռ կար խիստ անորոշության զգացում, ոչ մեկ չէր իմանում կհասնի տուն այդ ցույցից հետո, թե կհայտնվի անվտանգության ծառայությունների զնդաններում։

«Սակայն ցույցն անցավ, պայքարը շարունակեցինք, որի հերթական փուլը փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշումը՝ դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով»,- վերհիշում է մեր զրուցակիցը։ Այնուհետև Սումգայիթում և այլ վայրերում տեղի ունեցան հայերի կոտորածներ, Արցախին բռնի ուժով տիրելու փորձ ու պատերազմ, որն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով և ունեցանք անկախ պետություն՝ Արցախի Հանրապետություն։

Շարժման ակտիվիստն այսօրվա վիճակի պատճառներից մեկն էլ համարում է այն, որ «ինչ-որ մի հանգրվանում «Միացում» կարգախոսը փոխվեց «Անկախություն» կարգախոսով»։ Նա գտնում է, որ ամեն ինչ կորած չէ։ «Այսօրվա պայմաններում մեզ մնում է ամեն կերպ փորձել պահել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ոգին ու այն փոխանցել մինչև որ ստեղծվեն նպաստավոր պայմաններ և այդ ոգին դրսևորվի նոր ղարաբաղյան շարժմամբ»,- հավելել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728