Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացի երաժիշտներն առաջին անգամ Խաչատրյան հնչեցնելով կոմպոզիտորի հայրենիքում՝ շատ տպավորված մեկնեցին

Փետրվար 24,2025 17:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հաճախ են հայտնվում աշխարհի ամենաշատ կատարվող դասական ստեղծագործությունների թոփ տասնյակում: Դրանցից ամենատարածվածներն են Սուսերով պարը «Գայանե» բալետից, «Սպարտակ», «Դիմակահանդես» բալետների երաժշտությունը, Ջութակի կոնցերտը և Թավջութակի կոնցերտը:

Մեր զրուցակցից՝ չինացի ականավոր դիրիժոր Չժան Գոյունից, տեղեկացանք, որ դրանք հաճախ են հնչում նաև Չինաստանում և անձամբ ինքը բազմիցս ղեկավարել է Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը:

Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) համերգով հանդես դիրիժոր Չժան Գոյունի ղեկավարությամբ: Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը հնչեց չինացի դաշնակահար Շեն Ցայի կատարմամբ: Թե դիրիժորը, թե դաշնակահարը նշում են, որ շատ են կատարել Կոնցերտը, սակայն Խաչատրյանի հայրենիքում այն ներկայացնելը մի ուրիշ զգացողություն է և մեծ պատիվ:

Դիրիժորը հատուկ շեշտեց, որ մեծ հաճույք է ստացել նվագախմբի հետ աշխատելիս և սիրով կրկին կհամագործակցի: Դաշնակահար Ցայն էլ տպավորված է նվագախմբի բացառիկ գեղեցիկ հնչողությամբ և ջերմ ու աջակցող մթնոլորտով: Նա նաև հաճելիորեն զարմացած էր, որ նվագախումբը բաղկացած է բացառապես հայ երաժիշտներից:

 

Ընթերցողի համար նշենք, որ Շեն Ցայի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ներքին խորը զգացմունքայնությամբ, նրա կատարումները վիրտուոզ ռոմանտիզմի վեհության մարմնավորում են: Շեն Ցայը միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: 15 տարեկանում հաղթելով Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի և Տորոնտո սիմֆոնիկ նվագախմբի մրցույթներում՝ Շեն Ցայը սկսել է իր միջազգային կարիերան որպես Կանադան ներկայացնող դաշնակահար:

Նշանակալի են Ցայի վերջերս տեղի ունեցած ելույթները հայտնի նվագախմբերի հետ, որոնց թվում են՝ Toronto Symphony, Vancouver Symphony, Quebec Symphony, Windsor Symphony, Shanghai Symphony, Shenzhen Symphony, Էրֆուրտի Philharmonisches Orchester, Thuringen Philharmonie Gotha-Eisenach, Ֆրանսիայի Orchestra National de Cannes, Իսպանիայի Malaga Philharmonic, Շվեյցարիայի Biel Solothurn Symphony, Մեքսիկայի Jalisco Philharmonic, Լեհաստանի Krakow Philharmonic և այլ նվագախմբեր:

Ցայը իր երկացանկում ունի շուրջ 40 դաշնամուրային կոնցերտներ և շարունակաբար ընդլայնում է երկացանկը: Նա հայտնի է որպես անարդարացիորեն մոռացված ստեղծագործությունների վերհանող և կատարող (Էնեսկու, Կաբալևսկի, Մեդտներ, Մորավեց, Կապուստին, Վիլլա-Լոբոս և ուրիշներ):

Իսկ դիրիժոր Չժան Գոյունը Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է և դիրիժորության բաժնի դեկանը, նաև Շանհայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը և Ցինդաո սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Չժան Գոյունը Շանհայի երաժշտական ասոցիացիայի և Չինաստանի երաժշտական ասոցիացիայի փոխնախագահն է:

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728