Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը
· Տնտեսական աճն ավելացավ՝ 2024 թ․ դեկտեմբերին կազմելով 4․7 տոկոս (տ/տ)։
· Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը փոքր–ինչ աճեց:
· Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 1.7 տոկոս (տ/տ):
Կարդացեք նաև
· Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2024թ․ հունվար–սեպտեմբեր ամիսներին 24 տոկոսով բարձր էր 2023թ․ ցուցանիշից (տ/տ)։
· 2024թ.–ին բյուջեի դեֆիցիտը հասավ ՀՆԱ–ի 3․6%-ին։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերի 1․5 տոկոսից աճեց 4․7 տոկոսի դեկտեմբերին (տ/տ)՝ տարեկան աճը հասցնելով 8 տոկոսի (Պատկեր 1)։ Դեկտեմբերի աճը հիմնականում պայմանավորված էր 19․4 տոկոսով (տ/տ) ծառայությունների ընդլայնումով (առանց առևտրի), 12․9 տոկոսով (տ/տ) շինարարության և 10․3 տոկոսով (տ/տ) առևտրի ավելացմամբ։ Դեկտեմբերին արդյունաբերությունը երկրորդ ամիսն անընդմեջ կրճատվեց 14․8 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության (-18 տոկոս տ/տ) և հանքարդյունաբերության ոլորտում (-16,2 տոկոս տ/տ) անկմամբ: Արտադրության անկումը պայմանա-վորված էր ալկոհոլային խմիչքների (գրեթե -20 տոկոսով) և գունավոր մետաղների (-70 տոկոսով) արտադրության անկմամբ։ Կուտակային աճը 2024թ-ին կազմեց 8 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված ծառայությունների և շինարարության երկնիշ աճով։ 2023թ․ զրոյական աճից հետո գյուղատնտեսությունը 2024թ․ աճեց 1․9 տոկոսով (տ/տ): Գործազրկության մակարդակը 2024թ․ երրորդ եռամսյակում աճել է մինչև 13․3 տոկոս, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան 2023թ․ երրորդ եռամսյակում գրանցված 12տոկոսը՝ հիմնականում գյուղական շրջաններում գործազրկության ավելի բարձր մակարդակով պայմանավորված։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները դեկտեմբերին ավելացան 70․7 տոկոսով (ա/ա)։ Բոլոր աղբյուրներից զուտ ներհոսքերն ավելացան (ա/ա)՝ հիմնականում արտացոլելով տարեվերջի ավելի բարձր փոխանցումները, մասնավորապես Ռուսաստանից (72.2 տոկոս, ա/ա) (Պատկեր 2)։ 2024թ․ դեկտեմբերի համեմատ զուտ ներհոսքերը նվազեցին 1․1 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի կրճատումով 5․6 տոկոսի չափով (տ/տ)։
2025թ–ի հունվար ամսին գնաճը բարձրացավ մինչև 1․7 տոկոս (տ/տ), որը 2023թ–ի ապրիլից տարեկան կտրվածքով ամենաբարձր տեմպն է։ (Պատկեր 3) Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով (տ/տ), դեկտեմբերի 2 տոկոսից։ Տրանսպորտի և առողջապահության գները բարձրացան 3․2 տոկոսով (տ/տ)՝ նպաստելով գնաճի ավելացմանը։ 2025թ․ փետրվարի 4-ին ՀՀ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքակա-նության) տոկոսադրույքն իջեցրեց 25 բազիսային կետով՝ հասցնելով 6․75 տոկոսի։ Հունվարին ընդունվեց նոր, 3 տոկոսանոց (+/–1 տ.կ.) գնաճի թիրախ։
Դեկտեմբերին արտահանումն ու ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ անկում ապրեցին (տ/տ): Դեկտեմբերին արտահանումը նվազեց 48․6 տոկոսով (տ/տ) նոյեմբերին 33․7 տոկոսով (տ/տ) կրճատվելուց հետո: Ներմուծումը նույնպես նվազեց՝ դեկտեմբերին կրճատվելով 26.5 տոկոսով (տ/տ), մինչդեռ նոյեմբերին անկումը կազմել էր 18.5 տոկոս: Ինչպես նոյեմբերին, այնպես էլ դեկտեմբերին անկումը պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազել է 65 տոկոսով, տ/տ) և ներմուծման կրճատումով (նվազել է 48.8 տոկոսով, տ/տ): Տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը ևս նվազել են համապատասխանաբար 51 տոկոսով և 34 տոկոսով (տ/տ): Սա շարունակում է այն միտումը, որը նկատվում էր այն բանից հետո, երբ Վրաստանը 2023թ․ կեսերին արգելեց ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաս-տան։ Դեկտեմբերին (տ/տ) զգալիորեն աճել է յուղերի և ճարպերի արտահանումը (31 անգամ): Առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և տրանսպորտային միջոցների (հիմնական վերաար-տահանվող ապրանքների) արտահանումը դեկտեմբերին աճեց 4․6 տոկոսով (տ/տ) (Գծապատկեր 4): Աճողական 2024թ-ին արտահանումը և ներմուծումն աճեցին 53․1 տոկոսով (տ/տ) և 33․8 տոկոսով (տ/տ) համապատասխանաբար, ընդ որում առևտրի պակասուրդը նվազեց 5․5 տոկոսով (տ/տ)։ 2024 թ․ սեպտեմբերի վերջի վճարային հաշվեկշռի տվյալների համաձայն՝ ընթացիկ հաշվի պակասուրդը հասել է տարեկան ՀՆԱ-ի 2․9 տոկոսին՝ 2023թ․ նույն ժամանակահատվածի 2․5 տոկոսի համեմատ։ Չնայած այս ժամանակահատվածում առևտրային հաշվեկշռի համեստ բարելավմանը, այն չկարողացավ փոխհատուցել վատթարացումը ծառայությունների հաշվեկշռի (հիմնականում զբոսաշրջության հետ կապված հավելուրդի 53 տոկոս նվազմամբ) և եկամուտների հաշվի: 2024թ․ զբոսաշրջիկների թիվը նվազեց 4․7 տոկոսով (տ/տ), ինչը պայմանավորված է Ռուսաստանից այցելուների թվի նվազմամբ՝ 17․5 տոկոսի չափով։
Հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամը հիմնականում կայուն էր և արժեզրկվեց ռուսական ռուբլու նկատմամբ։ Մինչև հունվարի վերջ ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց 8․9 տոկոսի չափով (ա/ա)։ Հունվարին միջազգային պահուստներն ավելացան՝ հասնելով 3․3 մլրդ ԱՄՆ դոլարի (2․3 ամսվա ներմուծման ծածկույթ)։
Դեկտեմբերին առևտրային բանկի ավանդները և վարկերն ավելացան համապատասխանաբար 4․6 և 3․9 տոկոսով (ա/ա)՝ ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Փոխարժեքով ճշգտված ավանդները դեկտեմբերին աճեցին 14․3 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացան 24․5 տոկոսով (տ/տ) (Գծապատկեր 5)։ Դեկտեմբերին ֆինանսական ցուցանիշերը շարունակեցին կայուն լինել, իսկ կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմում էր 20․2 տոկոս։ Չաշխատող վարկերի ցուցանիշը (NPL) մնաց ցածր, իսկ ակտիվների եկամտաբերությունը մնաց 4․3 տոկոսի չափով։
Դեկտեմբերին Հայաստանում բյուջետային մեծ պակասուրդ գրանցվեց (143․8 մլրդ ՀՀ դրամ), որը կազմում էր 2024թ․ տարեկան ընդհանուր դեֆիցիտի 40 տոկոսը։ Դեկտեմբերին, հարկային եկամուտները (այդ թվում նաև հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտութ-յամբ նվազեց 9․5 տոկոսի չափով (տ/տ), որը պայմանավորված է ներմուծման համար ԱԱՀ-ի (5․8 տոկոս, տ/տ), ակցիզային հարկի (19․6 տոկոս, տ/տ), եկամտային հարկի (12 տոկոս, տ/տ) և այլ հարկեր (51.3 տոկոս, տ/տ) հավաքագրման նվազումով։ Այնուամենայնիվ, աճ է արձանագրվել պետտուրքի (17.5 տոկոս, տ/տ), բնապահպանական հարկի (35 տոկոս, տ/տ) և սոցվճարների (12.4 տոկոս, տ/տ) հավաքագրման իմաստով։ Ընդհանուր ծախսերը դեկտեմբերին ավելացան 9․4 տոկոսի չափով (տ/տ), հիմնականում պայմանավորված կրթության համար կատարվող ծախսերի ավելացումով (38 տոկոս, տ/տ), ընդ որում դպրոցական ենթակառուցվածքի զգալի շինարարությամբ և սոցիալական պաշտպանության ծախսերով (16․6 տոկոս, տ/տ), որը պայմանավորված է փախստականներին տրամադրվող աջակցությամբ։ Դեկտեմբերին կապիտալ ծախսերն ավելացան 8․2 տոկոսով (տ/տ), որով աճողական կարգով կապիտալ ծախսերը հասան ՀՆԱ-ի 5․4 տոկոսի, որը դեռևս տարեկան ծրագրից ցածր է 21․5 տոկոսի չափով։ Աճողական կարգով բյուջեի պակասուրդը հասավ 376․1 մլրդ ՀՀ դրամի (Պատկեր 6), որը համարժեք է տարեկան ՀՆԱ-ի 3․6 տոկոսին, որը ցածր է 2024թ-ի համար կանխատեսվող ՀՆԱ-ի 4․7 տոկոսից, սա մեծապես պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարումով։
Պատկեր 1. Տնտեսական ակտիվությունը դեկտեմբերին աճեց (տ/տ) | Պատկեր 2. Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները դեկտեմբերին ավելացան, որն արտացոլում է տարեվերջյան միտումը | ||
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %) | (հազար ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ | ||
Պատկեր 3. Գնաճը հունվարին ավելացավ 1․7 տոկոսի | Պատկեր 4. Թանկարժեք քարերի արտահանումը դեկտեմբերին նվազեց՝ պայմանավորված բազային բարձր ազդեցությամբ | ||
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %) | (մլրդ ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուր՝ ՀՀ ԿԲ | Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | ||
Պատկեր 5. Դեկտեմբերին բանկերի ավանդների և վարկերի բարձր, երկնիշ աճը պահպանվեց | Պատկեր 6. Բյուջեի պակասուրդն ավելի բարձր էր 2024թ–ին, սակայն ավելի ցածր էր, քան 2024թ–ի նախատեսվողը | ||
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշտված) | (միլիարդ ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուր՝ ՀՀ ԿԲ | Աղբյուր՝ Ֆինանսների նախարարություն | ||
Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակ