Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը Ֆրանսիայի դեսպանին պատասխանեց Բորելի խոսքերով

Փետրվար 24,2025 17:16

«Եթե գեթ մեկ վկայի հարցաքննությունը լիներ բաց, հանրությունը հնարավորություն ունենար հետևելու ուղիղ եթերում, արդեն մեր խոսքերն էլ պետք չէին լինի ասելու, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը (լուսանկարում)։

Պատգամավորը վստահեցրեց՝ քրեաիրավական որևէ որակման չենթակա արարքը դարձել է քրեական պատժի առարկա․ «Դա արվում է մի բանի համար, որ պարոն Աշոտյանը չունենա ազատ խոսքի, քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն և մտածի՝ բա ինձ պե՞տք է այս ամենը։ Այն բոլոր վկաները, որոնց վրա իբր պիտի ազդեր պարոն Աշոտյանը, նրա դրվագով ոչ մի ցուցմունք չեն տվել։ Դատարանը, դատախազները, որոնք խրոխտ դեմքով կանգնում են այստեղ, ապացուցում են ևս մեկ անգամ այն փաստը, որ իրենք պատրաստ են ցանկացած մարդու համար քրեական օրենսդրության շրջանակում կալանք դնելուն, քանի որ այդպես է պատվիրել Նիկոլը»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության մասին էլ ասաց․ «Տարիներ շարունակ կասկածներ ունեմ, որ օրինակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը գործում է ոչ թե հայ-ֆրանսիացի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, դրանք զարգացնելու համար, այլ Նիկոլի իշխանությունը պահելու և երկարաձգելու համար։ Ցավում եմ, բայց իմ այս կասկածները ապացուցվում են, կարող են վերածվել պնդման, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ հայ-ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունների վրա։ Չեմ կարծում՝ Ֆրանսիայի դեսպանի համար հասանելի չեն դարձել այն իրողությունները, որ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Ֆրանսիայի դեսպանին կպատասխանեմ ոչ թե սեփական խոսույթով, կամ այն դիվանագիտական ահռելի բազայով, որ թողել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ին՝ պաշտոնից հեռանալով, այլ կպատասխանեմ ավելի բարձրաստիճան մեկ եվրոպացու խոսքերով, որը արտաքին քաղաքականության մշակողներից և իրագործողներից է եղել ԵՄ-ում՝ Բորելի խոսքերով, որն ասում էր՝ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ո՞ւմ է ավելի շատ ծառայություն մատուցում սրանով Ֆրանսիայի դեսպանը, թող ինքը որոշի՝ Ալիևին, թե՝ Նիկոլին, բայց վստահաբար ոչ հայ ժողովրդին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»։

Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022-ին՝ Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, որին Փաշինյանից և Ալիևից բացի մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է նա։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728