Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ես ձեզ հստակ ասում եմ. ԵՄ բոլոր երկրներում հերթով, երբ կգա յուրաքանչյուրի ընտրության ժամկետը, հաղթելու են ազգային պահպանողական ուժերը»

Փետրվար 24,2025 16:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովրդավարություն եւ արդարադատություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով Եվրոպայում բոլոր ուղղություններով տեղի ունեցող արմատական փոփոխությունների մասին՝ ասաց. «Երեկ Գերմանիայում Բունդեսթագի՝ իրենց խորհրդարանի, ընտրություններում «մահացավ» Նիկոլ Փաշինյանի հերթական «հայրերից» մեկը՝ Օլաֆ Շոլցի քաղաքական միավորը: Հիշում եք, ընդամենը օրեր առաջ Նիկոլը հրապարակեց Մյունխենում Շոլցի հետ ձեռքսեղմման մի նկար: Այդ ժամանակ Շոլցն ասաց, որ Գերմանիան շարունակելու է իր աջակցությունը նիկոլական Հայաստանին, սակայն երեկ նրա քաղաքական միավորը խայտառակ, ջախջախիչ պարտություն է կրել՝ ընտրություններում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Հաղթել է աջ կենտրոնամետ պահպանողական ուժը Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ:

Այսինքն, Գերմանիան, որպես Եվրոպայի լոկոմոտիվ երկրներից մեկը, կվադրոբերների Գերմանիայից այլեւս վերադառնում է պահպանողական արժեքային համակարգ, որտեղ հիմքը ընտանիքն է, եկեղեցին է, հին, բարի եվրոպական արժեքներն են, որոնց կրողն ենք մենք: Ավելին, երկրորդ տեղն զբաղեցրած քաղաքական ուժը առավել ծայրահեղ աջերն են, որոնք կրկին կոչ են անում որպես հիմք ընդունել ավանդական արժեքները. ընտանիքը՝ տղամարդ եւ կին, եկեղեցին եւ իրենց համար ծայրահեղորեն անընդունելի այս միգրացիոն խայտառակ հոսքը, որ կա Գերմանիայում: Առաջիկայում, երբ պաշտոնապես կամրագրվեն Բունդեսթագի ընտրության արդյունքները, եւ Ֆրիդրիխ Մերցը կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, մենք կտեսնենք, թե ինչպես է Գերմանիան շատ արագ վերադառնում ավանդական պահպանողական արժեքներին: Այն արժեքներին, որոնց դեմ դեռեւս կատաղի պայքար են մղում Եվրոպական միության որոշ երկրներ՝ գնացած ուրսուլաֆոնդերլյայենների, շարլմիշելների գլխավորությամբ: Ես ձեզ հստակ ասում եմ. ԵՄ բոլոր երկրներում հերթով, երբ կգա յուրաքանչյուրի ընտրության ժամկետը, հաղթելու են ազգային պահպանողական ուժերը:

Շոլցի պարտությունը հերթական հարվածն էր նիկոլական Հայաստանին: Հիշում եք՝ մինչեւ երդմնակալությունը Հայաստանը բայդենյան Ամերիկայի հետ կնքեց, իբր, անվտանգային մի կանոնակարգ, որը փաստաթուղթ էլ չէ: Սա նույնն էր, որ հեռացող Շոլցը Մյունխենում հերթական անգամ անվտանգության երաշխիքներ տվեց Նիկոլ Փաշինյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ երեկ Թրամփի խոսնակը հայտարարեց, որ իրենք շատ լավատես են, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր կլինի լուծել: Եթե դրան գումարենք երեկ Զելենսկու արած հայտարարությունը, որով, կարծում եմ, ինքն իրեն ավելի արժանապատիվ պահեց, քան Նիկոլ Փաշինյանը, որը զոհաբերելով Արցախը, զոհաբերելով Հայաստանը՝ շարունակում է կառչած մնալ աթոռին, Զելենսկին երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե նախագահի պաշտոնից իր հեռանալը խաղաղություն կբերի Ուկրաինային, ինքը պատրաստ է հեռանալ:

Ես չեմ ուզում առաջ ընկնել՝ ասելով, որ անվերապահ հավատում եմ նրա հայտարարություններին՝ հաշվի առնելով, որ Զելենսկին, Սահակաշվիլն եւ Նիկոլ Փաշինյանը նույն շինանյութից են շինված, այդուհանդերձ, հույս ունեմ, որ Ուկրաինայի նախագահը կհասկանա, որ իր մնալով, շարունակելով սադրել պատերազմ, ինքը ուղղակիորեն ավարտին է հասցնելու այն հրաշալի Ուկրաինան, որը մատաղ արվեց արեւմտյան գլոբալիստների շահերին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728