«Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա:
Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:
***
Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազաֆիկացվի. նախորդ շաբաթ կառավարությունը հաստատել է դրա երկրորդ փուլի ֆինանսավորումը: Հարկ է նշել, որ թաղամասում Երևանի քաղաքապետարանն արդեն անցկացրել էր հիմնական խողովակը: Նշենք, որ ավելի քան 10 000 բնակչություն ունեցող Նոր Խարբերդ թաղամասում շուրջ 6500 տնտեսություն կա: Ֆինանսավորմամբ կլուծվի միացումների խնդիրը: Բացի այդ, ծրագրով Երևանում կկառուցվի գազաբաշխիչ 2 նոր կայան: Նոր ցանցը կապահովի կառուցապատման հնարավոր գոտիներում սպառողների ամբողջ պահանջարկը՝ Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում:
***
«Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կկատարի, որով տարբեր թաղամասերում արդիականացվելու են ենթակառուցվածքները:
***
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը կուղարկվի համալիր փորձաքննության. նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է:
***
Համայնքը դիտարկում է նաև «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը: Այս պահին ուսումնասիրվում են վարձակալության առկա պայմանագրերը, որոնց մեծ մասի ժամկետներն ավարտվում են մարտ ամսին: Զբոսայգու հարակից տարածքում, ի դեպ, կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ:
Երևանի քաղաքապետարան