Արցախից բռնի տեղահանված անձինք ապրիլ ամսից այլեւս չեն ստանա 50 հազարական դրամ աջակցության գումարը։ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ ապրիլ-հունիս ամիսներին ` ներառյալ սոցիալական աջակցության չափը կսահմանվի 40 հազարական դրամ, բայց միայն հատուկ խմբերի անձանց համար՝ մինչեւ 18 տարեկան երեխաների, 63 եւ ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածների, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս որոշումը մեծ անհանգստություն է առաջացրել արցախցիների շրջանում, մարդիկ հարցադրում են անում՝ գործազրկության մեծ ցուցանիշի պայմաններում ինչպե՞ս են վճարելու բնակարանների վարձերն ու կոմունալ վճարները։ Իսկ կառավարության հատկացրած աջակցությունը մեծամասամբ բավարարում է հենց բնակարանների վարձավճարներն ու կոմունալները վճարելուն։
Խնդրի շուրջ «Առավոտը» զրուցակել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
-Տիկին Հակոբյան, կառավարության այս որոշումն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, մարդկանց դժգոհությունը մե՞ծ է։
-Դժգոհությունը մեղմ է ասված, մենք արդեն ունենք իրավիճակի տարբեր արձանագրումներ։ Նույնիսկ աշխատանք ունենալու պարագայում այդ 50 հազարական դրամ աջակցության գումարով մարդիկ չեն կարողանում բնակարանի վարձը վճարել ու իրենց նվազագույն կարիքները հոգալ։ Վիճակագրություն կա, որ բռնի տեղահանումից հետո արցախցիների շրջանում առողջության ու ֆիզիկական վիճակի կտրուկ վատթարացում կա, որի պատճառները տարբեր են, այդ թվում՝ շրջափակման փուլի հետեւանքները եւ դրանից հետո մարդկանց հոգեբանական վիճակը։ Արցախցիների շրջանում բավականին ավելացել են մահացության դեպքերը։ Եվ եթե այս ամենին գումարվում է նաեւ սոցիալական ծրագրերի չեղարկումը, այն դեպքերը, որոնց այսօր ենք ականատես լինում, դրանք տասնապատկվելու ու հարյուրապատվելու են։ Ես կարծում եմ, որ Հայաստանի մեր հայրենակիցների վրա դա եւս բացասական ազդեցություն է ունենալու, այսինքն՝ կոլեկտիվ ընկնելու ենք ծանր հոգեբանական վիճակի մեջ։ Ես նկարագրեցի ընդհանուր պատկերը, թե ինչ է սպասվում, որովհետեւ շատերը միայն շեշտադրում են այն, որ սոցիալական ծրագրերի չեղարկման հետեւանքով արցախցիները կարտագաղթեն։ Իհարկե, արտագաղթ էլ է լինելու, բայց իրականում կան մարդիկ, որոնք նույնիսկ արտագաղթելու հնարավորություն էլ չեն ունենա։ Եվ այդ մարդկանց թիվը բավական շատ է։
Կարդացեք նաև
Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ արցախցիների համար 1,5 տարի իրականացված սոցիալական ծրագրերը, որոնց վրա ահռելի գումար է ծախսվել, նախ հասցեական չեն եղել։ Երկրորդ, այդ ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայել, որովհետեւ սոցիալական ծրագրերի իրականացումը բավական լուրջ գիտելիքներ է պահանջում։ Մենք վերջին շրջանում անընդհատ խոսում ենք, որ 1,5 տարվա ընթացքում այդպես էլ որեւէ կարիքի գնահատման գործընթաց չտեսանք կամ այդ մասին չլսեցինք։ Չտրվեց տեղեկություն՝ այդ բոլոր ծրագրերն ինչքանո՞վ են արդյունավետ եղել կամ ի՞նչ թերություններ են եղել։ Կառավարության նիստերի ժամանակ հնչած ամպագորգոռ հայտարարություններն ու որոշումները, թե արցախցիներին որքան աջակցության գումար է հատկացվել, մենք կարող ենք դիտարկել որպես վատնում։ Եվ այդ գումարների չնչին հատվածն է տրվել բյուջեից, դրանք հիմնականում եղել են միջազգային օգնություններ, դրանք միջազգային պարտականություններն են, որոնք փախստականների նկատմամբ կատարվել են։
Այս պատկերն ամբողջացնում է բնակարանային չկայացած ու չստացված ծրագիրը։ Ես ամեն օր բազմաթիվ զանգեր եմ ստանում մարդկանցից։ Հայաստանի կառավարության անդամներն ասում են՝ եթե արցախցիներին չտրվեն 50 հազարական դրամ աջակցության գումարները, դա կդրդի, որպեսզի մարդիկ օգտվեն բնակարանային ծրագրից։ Այո, եղել են մարդիկ, որոնք փորձել են այդ կերպ լուծում տալ իրենց խնդիրներին, եւ ես ասեմ, որ ճնշող մեծամասնությունը խնդիրերի առաջ են կանգնում՝ սկսած քաղաքացիության պահանջից։ Եթե մարդիկ նույնիսկ պատրաստ են այդ հոգեբանական պատնեշները հաղթահարել եւ գնալ ՀՀ իշխանությունների հորինած կեղծ քաղաքացիությունն ընդունելու, միեւնույն է, նույնիսկ այդ պարագայում քաղաքացիություն ստանալու հարցում բազմաթիվ խնդիրներ կան։
Բոլորի մոտ փաստաթղթերի խնդիրներ կան՝ ծննդականների հետ կապված եւ այլ։ Եվ գործընթացը գալիս հասնում է մի փուլի, երբ կոնկրետ այդ ընտանիքի համար ծրագրի շարունակականությունը չի ապահովվում։ Մյուս կողմից, շատերը խնդիրներ ունեն բանկերի հետ։ Գիտեմ մարդկանց, որոնք ծրագրի շահառու են դարձել, բայց չեն կարողանում համարժեք բնակարաններ գտնել։ Եվ արդեն մի վիճակ է ստեղծվել, երբ նույնիսկ բնակարանների տերերը, իմանալով, որ պետական աջակցությամբ է բնակարանը ձեռք բերվելու, ավելի թանկ գներ են ասում՝ պատճառաբանելով, որ մի մասն էլ դուք ավելացրեք։ Այսինքն՝ մարդիկ փակուղու մեջ են հայտնվել՝ գնաճը, ձմեռային շրջանը, սոցիալական տարբեր խնդիրները։ Այդ 50 հազարական դրամները թեթեւացրել են մարդկանց հոգսը, բայց սխալ կլինի ասել, որ դա մեծ լուծում էր տալիս։ Դրա դադարեցման պայմաններում մենք ծայրահեղ ծանր պատկեր ենք ունենալու։
–Իշխանությունների հիմնավորումը նաեւ այն է, որ բավական ժամանակ է անցել, արցախցիները կարող են ինտեգրվել ու աշխատանք գտնել Հայաստանում։
-Մարդիկ աշխատում են։ Միգուցե Հայաստանում այսօր աշխատաշուկան բավարարում է այն մարդկանց, որոնք ունեն տներ եւ ապրում են իրենց բնակարաններում։ Ոչ պետական հատվածում աշխատողները հիմնականում բանվորությամբ են զբաղվում, խանութներում են աշխատում եւ մաքսիմում ստանում են 100-140 հազար դրամ աշխատավարձ։ Ենթադրենք՝ տանը կա աշխատող երկու չափահաս, եւ կան երեք անչափահաս երեխաներ։ Ես խնդրում եմ՝ թող այս իշխանությունները բացատրեն, թե ինչպե՞ս կարող են այդ գումարով եւ բնակարանի վարձ տալ, եւ իրենց անչափահաս երեխաների նվազագույն կարիքները հոգալ։ Ասեմ, որ իրավիճակը շատ ավելի ծանր է գյուղական շրջաններում։ Ես անընդհատ կապի մեջ եմ, գյուղական շրջաններում մարդիկ տներ են վարձակալել, բայց չունեն անասնապահութամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն։ Քաղաքներում գոնե խանութներում են աշխատում, տաքսի են վարում կամ բանվորություն են անում, մի կերպ կարողանում են իրենց կեցության մինիմալ ծախսերը հոգալ։ Այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները, սա արցախցիներին ցեղասպանելու իրենց ձեւն է։ Ես այլ բառ չեմ գտնում՝ նկարագրելու այն իրավիճակը, որի մեջ իրենք գցել են արցախցիներին։
Շատ ակտուալ է քաղաքացիության հարցը, այսօր մեծ մասը հենց քաղաքացիություն չընդունելու պատճառով չեն կարողանում իրենց մասնագիտությանը հարմար աշխատանք գտնել, չեն կարողանում են չեն էլ պատրաստվում օգտվել բնակապահովման ծրագրից։
–Ի՞նչ եք նկատում, Հայաստանի իշխանությունները դիտավորյա՞լ են նման քաղաքականություն վարում, որպեսզի արցախցիներին միշտ պահեն սոցիալական խնդիրների շրջանակում, որպեսզի նրանք չկարողանան այլ հարցեր բարձրաձայնել։
– Այո, այլ տարբերակ չկա, իրենց նպատակը դա է։ Ի սկզբանե նպատակը, որն իրենք դրել էին, չիրականացավ, այն է՝ արցախցիների բռնի գաղթը պետք է տեղի ունենար գլխատված, առանց պետական ինստիտուտների, առանց նախագահի ու օրենսդիր մարմնի։ Եվ Արցախի նախագահի հրաժարականի ամբողջ շոուն կազմակերպել ու դրան մասնակցում էին նաեւ այստեղի իշխանությունները։ Այս պլանը խաթարվեց, ստացվեց, որ Արցախի նախագահ կա, Արցախի օրենսդիր մարմին կա։ Եվ իրենք անցան պլան բ-ին, այն է՝ այնպես անել, որ արցախցիները՝ սոցիալական հոգսի տակ կքած, ատեն սեփական իշխանություններին եւ մեղավոր փնտրեն սեփական իշխանությունների մեջ, նաեւ տեսնեն սեփական իշխանությունների անզորությունը սոցիալական հարցերի լուծման ոլորտում։ Եվ հենց դա է պատճառը, որ Արցախի պետական ինստիտուտների համար 2023 թվականի հաստատված բյուջեն իրենք ուղղակի սառեցրեցին եւ թույլ չտվեցին, որ մարդկանց գոնե վերջնահաշվարկներ տրամադրվեին։ Դրանք միտումնավոր արված քայլեր էի։ Այն բոլոր գումարները, որոնք այսօր Արցախի իշխանությունները հնարավորություն ունեն ծախսելու, կլինի հիմնադրամների միջոցներ, թե տարբեր կառույցներում մասնաբաժիններ, դրանք եւս սառեցված են, եւ Արցախի իշխանություններին թույլ չի տրվում տնօրինել այդ գումարները։
Այո, իրենք ամեն ինչ կազմակերպած արել են, եւ այսօր արցախցիներին պետք է այն իրավիճակում դնեն, որ նրանց գերակշիռ մասը լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մնացածը՝ հոգսի ծանրության տակ կքած, չկարողանան այլ բանի մասին մտածել, քան մի կտոր հաց հայթայթելը։ Եվ այսօր Երեւանի փողոցներում դուք կարող եք արդեն մուրացիկ արցախցիներ տեսնել, որ Արցախում երբեւէ նման դեպք չի եղել։ Դա առաջին հերթին հենց արցախցու՝ աշխատելու ու այդ առումով չնվաստանալու տեսակն է։ Այսինքն՝ արցախցին երբեք չի հարմարվել վատ պայմանների հետ, աշխատել է, բայց այստեղ այլեւս չունի այդ հնարավորությունը, որովհետեւ իրեն դրել են կապանքների մեջ, որտեղից ինքը չի կարողանում ազատվել։ Երբ իշխանությունն է նման բան անում, սրանք ուղղորդված, հստակ պլանավորված ու ծրագրված քայլեր են, որի վերջնարդյունքն իրենք տեսնում են։ Եվ իրենք շատ լավ հաշվարկել են այդ քայլերը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ