ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը դատարանի կողմից իր հրապարակային ելույթներում բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավոր տեղեկություններ ներկայացնելու սահմանափակման որոշումից հետո «Հայելի» ակումբում ասաց. «Դատաքննության ընթացքում պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այդ սահմանափակումը վերաբերելի է միայն Հայաստանի դատավորներին, դատախազներին եւ մյուսներին: Ընդ որում, նշելով, որ այս պահին Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություն: Արդյոք Էդգար Ղազարյանը իրավունք ունի? ցանկացած կերպ արտահայտվել Ադրբեջանի դատավորների, դատախազների եւ այլնի հասցեին: Քննիչը չտվեց համոզիչ պատասխան, չասաց՝ ոչ, կամ այո, նրանց վերաբերյալ կարող է, խոսքը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության այդ պաշտոնյաներին: Դատարանի որոշման մեջ էլ դա չի մասնավորեցվել՝ վերաբերո՞ւմ է, թե՞ չէ:
Եվ որպեսզի կարողանամ դատավճիռը կատարել, այստեղ գալուց առաջ «Պրոբացիոն ծառայություն», որի վրա դրված է հսկողությունը, գրություն եմ գրել, եւ միջնորդություն եմ ուղարկել քննիչին, որպեսզի ինձ տրամադրեն նախ Հայաստանի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, քննչական մարմնի ղեկավարի, հարկադիր կատարողների, փաստաբանների, ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ նրանց խնամքի տակ գտնվողների՝ բոլորի ցանկը: Որովհետեւ ես ո՞նց իմանամ բոլորի կարգավիճակը: Կարող է մեկի մասին խոսեմ, հետո ասեն՝ դե արի: Եթե չտան, ես ո՞նց եմ այդ որոշումը կատարելու:
Նամակի մեջ գրել եմ նաեւ, որ քանի որ հարցը քննարկվել է, որ դա կարող է Ադրբեջանին էլ վերաբերել, խնդրում եմ տվեք նաեւ Ադրբեջանի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների մասին տեղեկատվություն: Ընդ որում, Հայաստանն ու Ադրբեջանը շտապ է պետք, որովհետեւ դա քննարկվել է, բայց խնդրել եմ տրամադրել նաեւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող բոլոր պետությունների այդ պաշտոնատար անձանց խնամքի տակ գտնվողների ցուցակը: Այո, ես պետք է իմանամ: Այլապես, դրանցից մեկի մասին մի արտահայտություն անեմ ու գան ինձ ձերբակալե՞ն: Իմ մեղքը ո՞րն է, որ դուք այդ որոշումը կայացրել եք: Դրա համար մենք ամենասկզբից միջնորդում էինք՝ մերժել այս անորոշ միջնորդությունը:
Կամ՝ ինչ-ինչ արտահայտություններ անել չի կարելի: Հարցնում ենք, թե ո՞ր արտահայտություններն է, որ չի կարելի անել, ի՞նչ մտքեր չի կարելի ասել, ասում են՝ չենք կարող ասել: Բա, եղբայր, եթե դա չես կարողացել ասել, սա՞ ոնց ես կարողացել: Նշանակում է՝ պատկերացում ունես, չէ՞: Այսինքն, թողել են անորոշության դաշտում: Ես չեմ ընդունել մեղադրանքը, որ ինձ առաջադրվել է եւ դա բողոքարկվելու է:
Կարդացեք նաև
Սա աբսուրդ է: Սկզբում մտավախություն կար, որ կարող են ընդհանրապես զրկել խոսելու իրավունքից: Խոսելու որոշակի հնարավորություն թողել են ոչ թե նրա համար, որ ես իմ ազատ կարծիքն, այնուամենայնիվ, հայտնեմ, այլ որ մի տեղ բռնացնեն, տանեն՝ դատեն»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ