«Արդեն 4-րդ տարին է՝ կազմակերպում ենք միասնական քննություններ ձմռան ամիսներին, որն անվանել ենք առաջին փուլ: Առաջին տարվանից սկսած՝ դիմորդների թիվը սկսել է ավելանալ: Եթե անցյալ տարի առաջին փուլում ունեցել ենք 9671 դիմորդ, այս տարի մեզ համար աննախադեպ թիվ էր՝ 11608 դիմորդ: Առաջին փուլին կարող են մասնակցել նրանք, ովքեր կարող են դիմորդ լինել՝ նախորդ տարիների շրջանավարտները, տվյալ տարվա շրջանավարտները, արտասահմանի քաղաքացիները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները:
Նա հայտնեց, որ 12-րդ դասարանում սովորող հայտագրվածների թիվը 10765 է, նախորդ տարվա շրջանավարտների թիվը՝ ավելի քան 544, իսկ նախորդ տարիների շրջանավարտներինը՝ 299:
Հավելեց, որ ՀՀ քաղաքացի դիմորդները եղել են 11299 հոգի, այլ երկրներինը՝ 309 հոգի: Մասնավորապես ՌԴ քաղաքացիների թիվը 251 է, մեկական դիմորդներ են եղել Գերմանիայից, Նիդերլանդներից, Հունաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Հնդկաստանից եւ Հորդանանից: Արտասահմանի քաղաքացիների մեջ, բացի ազգությամբ հայերից՝ կան նաեւ ոչ հայեր:
«Կարծես թե սկսեց աշխատել տարեկան 2 անգամ միասնական քննություններ հանձնելու գաղափարը: Դիմորդները կարող են քննություն հանձնել հունվար-փետրվար ամիսներին, իսկ եթե արդյունքից դժգոհ են մնում, նաեւ՝ հունիս-հուլիս ամիսներին»,-ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալը: Նշեց, որ 2024թ հունիսի քննություններին չի մասնակցել դիմորդների 15 %-ը, այսինքն` հունվար փետրվարին քննություն հանձնածներին հիմնականում բավարարել են իրենց ստացած արդյունքները, եւ նրանք դրանցով մասնակցել են ընդունելության մրցույթին:
Կարդացեք նաև
Հավելեց, որ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցության նման բարձր ցուցանիշը դրական կարելի է գնահատել, սակայն այն ինչ-ինչ դժվարություններ է առաջացրել ԳԹԿ-ի համար, որովհետեւ առաջին անգամ է, որ ունենում են 50 քննական կենտրոն, մինչդեռ նախկինում առավելագույնը 41-ն է եղել:
Կարո Նասիբյանը նաեւ ընդգծեց, որ ինչպես նախորդ տարիներին՝ դիմորդների մեծամասնությունը քննություն է հանձնում անգլերենից, երկրորդ տեղում մաթեմատիկան է, երրորդում՝ Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան։
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ