«Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրականացնում է հանրակրթական ուսումնական ծրագրեր: 2023-ին հանրակրթական ծրագրերում ներգրավվել է 138 դատապարտյալ։ Մինչև 2022-ի օգոստոսը հանրակրթության իրավունք ունեին բացառապես մինչեւ 19 տարեկանները, սակայն «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դատապարտյալներն իրավունք ստացան անվճար հանրակրթության՝ առանց տարիքային սահմանափակման։ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2023 թ. ընթացքում բարձրագույն եւ հետբուհական կրթություն են ստացել ազատությունից զրկված 8 անձինք:
«2015-2019-ը թվականներին անգամ անչափահասների հանրակրթություն չկար քրեակատարողական հիմնարկներում»,- Մեդիա կենտրոնում կայացած «Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում -դատապարտյալների վերականգնողական գործընթացին» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը՝ պատմական որակելով հանրակրթական ծրագրի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում:
«Նախ 6 քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց ծրագիրը: Մենք նախնական կրթական հարցումներ էիք իրականացրել: Մինչ ծրագրի մեկնարկը կար 306 դատապարտյալ, որոնք ունեին հիմնական կրթության վկայական եւ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու կարիք: Այսինքն՝ 306 դատապարտյալ պետք է իրացներ իր կրթության իրավունքը:
Կարդացեք նաև
Եվ 2022 թվականից արդեն Կրթության մասին օրենքի փոփոխությամբ ամրագրվեց նոր պարբերություն, որի արդյունքում այն դատապարտյալները, որոնց պատժին մնացել էր ավելի քան մեկ տարի, կարող էին իրենց կրթական իրավունքն իրացնել պետության հաշվին»,-հավելեց նա:
Հասմիկ Հովակիմյանի ձեւակերպմամբ, 6 ՔԿՀ-ների ընտրությունը պայմանավորված էր իրենց իսկ դիմումների առկայությամբ: Դրանք էին՝ Արմավիր, Աբովյան, Նուբարաշեն, Սեւան, Արթիկ եւ Վանաձոր ՔԿՀ-ները:
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան, փորձագետ Շուշան Խնկոյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել են նաեւ դրական փոփոխություններ. «Ծրագիրը նոր էր ներդրվել ու բավականաչափ ջանքեր էին գործադրվել դրա համար: Չնայած խնդիրները շատ էին, բայց նաեւ կանխատեսելի էին, եւ կարեւոր էր ՔԿՀ-ի կողմից պատրաստակամությունը՝ այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»:
Շուշան Խնկոյանն անդրադարձավ առավել նշանակալի խնդիրներին, որոնք ազդեցություն են ունեցել դատապարտյալների ուսումը դադարեցնելու վրա. «Դրանցից մեկը նույն դասարանում տարբեր կրթական մակարդակներ ունեցող եւ տարբեր տարիքի անձանց սովորելն էր: Եթե նույն դասարանում սովորում է 50 եւ ավելի բարձր տարիքի անձը եւ ավելի երիտասարդը, իրենք անհարմարավետության զգացում են ունենում: Երբ մեր ուսումնասիրությունների արդյունքում հարցազրույցներ էինք ունենում, անձինք նշում էին այդ մասին: Շատերը հենց այդ պատճառով դիմում են ներկայացրել ու եկել կրթական ծրագրերից:
Այլ դեպքեր էլ են եղել, որ մարդիկ կրթական ծրագրերից դուրս գալու դիմում են ներկայացրել: Ուզում եմ կարեւորել ՊՈԱԿ-ի կողմից կատարվող աշխատանքը, ինչի մասին դատապարտյալները եւս նշել են: Մարդիկ փորձել են հասկանալ, թե դատապարտյալն ինչ պատճառով է ցանկանում դադարեցնել իր ուսումը: Որոշ դեպքերում հաջողվել է եւ ՊՈԱԿ-ին ,եւ ՔԿՀ-ին կանխել դա»:
Նրա ձեւակերպմամբ, կրթական գործընթացին մասնակցելու խոչընդոտներ եղել են նաեւ աշխատող դատապարտյալների դեպքում, որոնց երբեմն փորձել են ընդառաջել՝ հարմարեցնելով նրանց աշխատանքային գրաֆիկը ուսմանը:
Հասմիկ Հովակիմյանը նշեց, որ մի քանի օր առաջ Արմավիր ՔԿՀ-ում պատվոգրեր են հանձնել բարձր առաջադիմություն ունեցողներին, քննություններից բարձր միավորներ ստանացած դատապարտյալներին:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի