Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ խաղաղ-խաչմերուկային տրամաբանությամբ խաղաղ համակեցություն չի լինելու այսպիսի Թուրքիայի և այսպիսի Ադրբեջանի հետ. Մենուա Սողոմոնյան

Փետրվար 24,2025 11:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Էրդողանն իր կուսակցության համագումարի բացումից առաջ ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքին, երիտասարդությանը պատգամել է տեր կանգնել իրենց ավանդված ժառանգությանը և ձեռնամուխ լինել 2053 և 2071 թվականների համար սահմանված ռազմավարական նպատակների իրականացմանը։

2053 և 2071 թվականները պատահաբար վերցված տարեթվեր չեն։ 2053-ին լրանում է Օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի կողմից Կոստանդնուպոլսի գրավման և Բյուզանդական կայսրության կործանման 600-րդ տարելիցը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ կենտրոնական գործոն եվրոպական միջազգային հարաբերություններում, իսկ 2071-ին լրանում է Մանազկերտի ճակատամարտի 1000-րդ տարելիցը, որտեղ սելջուկ թուրքերը ծանր պարտության մատնեցին բյուզանդական բանակին և հիմնեցին առաջին թյուրքական պետությունը Առաջավոր Ասիայում։

Հասկանալի է, որ այս թվականների հետ կապված ռազմավարական նպատակադրումները է՛լ ավելի պարզորոշ են ցույց տալիս Թուրքիայի ագրեսիվ ու հավակնոտ արտաքին քաղաքականության ապագան։ Ու որքան էլ շատերին ականջահաճո հնչի «խաղաղության խաչմերուկ» բառակապակցությունը, միևնույն է, այդ խաղաղ-խաչմերուկային տրամաբանությամբ խաղաղ համակեցություն չի լինելու այսպիսի Թուրքիայի և այսպիսի Ադրբեջանի հետ անգամ 29․743 քառ․կմ տարածքով։ Խաղաղություն կլինի երկու սցենարի դեպքում։

Առաջինը խաղաղ մահն է՝ որպես ազգ, որպես պետություն․ «տանք, հանգիստ ապրենք»-ն այստեղ ոչ միայն անպատիվ է, այլև խաբկանք է, քանի որ իրականում աշխատելու է «տանք, հանգիստ մեռնենք»-ը։

Երկրորդը դիմակայությունն է, որը դժվար է առաջինից, ինչպես ապրելն է դժվար մեռնելուց։ Դիմակայելը ամենևին չի նշանակում ուռա-հայրենասիրություն։ Համապարփակ անվտանգության ռազմավարության մեջ և՛ դիվանագիտություն կա, և՛ տեխնոլոգիաներ, և՛ բարձրակարգ կրթություն, գիտություն, մշակույթ, և՛ ամուր տնտեսություն, և՛ գաղափարախոսություն, և՛ համերաշխություն, և՛ երջանկություն․․․

Հոգեբանորեն գուցե դժվար է ռազմավարական նպատակադրումներ սահմանելը այն տարեթվերի համար, որոնք մարդը չի տեսնելու։ Էրդողանը չի տեսնելու ո՛չ 2053 թվականը, ո՛չ էլ, առավել ևս 2071 թվականը։ Բայց նա իր այսօրն ու վաղը կարգավորում է նշված տարեթվերի հեռանկարով։

Մենք պարտավոր ենք է՛լ ավելի երկար ու խորը նայել դեպի ապագայի հորիզոնները, անցյալում դա մեզ բնորոշ է եղել։ Վռամշապուհ արքան, Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը հենց հազարամյակների հեռավորության ուղենիշերով պրոյեկտ են արել։ Հետո մեր մեջ ներմուծվեց «նաղդի» ու «նիսյայի» հակադրության գաղափարը, և մենք դադարեցինք կամ վախեցանք հեռուները նայել։ Ու մեզանում գաղափարական տրանսֆորմացիան հենց այս ուղղությամբ է գնալու։

Ի դեպ, 2508թ․ լրանում է Բելի դեմ Հայկի հաղթանակի 5000-րդ տարեդարձը։ Հայոց պատմությունը սկսվել է դիմադրությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728