Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գիրքը բացահայտումների եւ գեղագիտական բարձր չափանիշներ թելադրող գիրք է». Սեյրանուհի Գեղամյան

Փետրվար 24,2025 13:30

«Ինչի մասին կգրեի: Ում մասին են գրում գրողները: Թվում է, թե աշխարհի, բայց դա աշխարհի այն սուբյեկտիվ ընկալումն է, որ ունի նրանցից յուրաքանչյուրը: Ջրտուքի ժամանակ հողագործը փխրեցնում է ծառի բունը եւ առու-առու ջրում ծառը՝ մինչեւ հագենալը: Արտը ջրվում է բոլորովին այլ սկզբունքով (եթե ջրվում է): Ես արտ եմ: Դա է երեւի պատճառը, որ ուղղակի որեւէ ազդեցություն իմ պարագայում, նկատելի չէ: Չնայած ազդեցությունը հաճախ ոչինչ էլ չի նշանակում: Չարենցը համատարած ազդեցություն էր, սակայն Մասիս սարի չափ երեւույթ է…», իր հարցազրույցներից մեկում ասել է բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը:

Իսկ մի այլ հարցազրույցում շարունակել. «Նրանք, ովքեր պաշտպանվում են, ասելով «մեր սերունդը», մտածե՞լ են, իսկ ովքե՞ր էին Տերյանի կամ Չարենցի սերունդը, իսկ Հոմերոսի սերունդը ով էր…»:

Օրեր առաջ լույս է տեսել բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի «Սա էլ եմ ես» հարցազրույցների, հոդվածների եւ այլ գրությունների ժողովածուն:

Մինչ այս գիրքը նա հեղինակել էր վեց բանաստեղծական ժողովածու՝ «Հայելի», «Տաք երկիր», «Գնում եմ կորեմ», «Ֆրանսիական նամականի»…թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, լիտվերեն եւ այլ լեզուներով, ժամանակավորապես ապրում է Ֆրանսիայում:

«Սա էլ եմ ես» ժողովածուում տեղ են գտել նրա հարցազրույցները տարբեր լրատվամիջոցներում («Առավոտ», «Հրապարակ» օրաթերթեր, «Նորաթերթ», «Նարցիս» ամսագիր, Հայաստանի հանրային ռադիո, «Ազատություն» ռադիոկայան, «Գրաբեր» հրատարակչություն, «Մուղնի» հրատարակչություն…), հոդվածներն ու այլ գրությունները:

«Այս գիրքը ծնվեց ակամա: Անատոլի Հովհաննիսյանի «Ֆրանսիական նամականի» բանաստեղծական ժողովածուից հետո պահանջ առաջացավ զրուցելու բուժման նպատակով Հայաստանից հեռու գտնվող հեղինակի հետ: Առաջին հարցազրույցը, որ տպագրվեց «Առավոտ» օրաթերթում, ճանաչողական եւ զգացական այնպիսի շերտեր բացեց, որ շարունակելն անհրաժեշտություն դարձավ: Այսպես ծնվեց հարցազրույցների մի ամբողջ շարք, եւ հարցազրույցից հարցազրույց մտքերի, դատողությունների, գիտելիքների, մեկնաբանությունների, տեղեկությունների, զգացումների այնպիսի մի հեղեղ էր ժայթքում, որ դժվար էր հեռու մնալ դրանք գրքի վերածելու գայթակղությունից…»,-գրքի առաջաբանում գրում է խմբագիրը՝ Սեյրանուհի Գեղամյանը:

Վերջինիս տպավորությամբ. «Անկեղծ զրույցները, ինչպես նաեւ գրքում ընդգրկված՝ տարբեր տարիներին տպագրած հոդվածներն ու այլ գրություններն ի հայտ են բերում ոչ միայն հեղինակի, այլեւ մեր ժամանակների բազմաթիվ գրողների ու արվեստագետների ինքնության հետաքրքիր շերտեր, գեղարվեստական ու գեղագիտական ընդհանրացումներ, արվեստի եւ գրականության շուրջ ինքնատիպ դիտարկումներ ու ըմբռնումներ, բացում են հենց իր՝ Անատոլիի ներքին եսը՝ խոր զգացականությամբ, ինչպես կյանքում, այնպես էլ գրականության եւ արվեստի մեջ կեղծիք, սակարկություն չհանդուրժող, երբեմն մի քիչ կոշտ, հախուռն, բայց միշտ ազնիվ, միշտ կատարելության ձգտող, բանաստեղծության հանդեպ պաշտամունքի հասնող բծախնդրություն ցուցաբերող, հոգով եւ մտքով ազատ մարդու տեսակը»:

Երեւի ճիշտ է Սեյրանուհին: Անատոլին մի առիթով հարցազրույցներից մեկում տալիս է ասես պատասխանը. «Խստապահանջությունը գաղափարին հավատարմությունն է: Խեղված հասարակության մեջ սկզբունքայնությունը հաճախ շփոթում են չարության հետ, սակայն, խառնակ ժամանակներում, արվեստագետի առաքելությունը արժեքները պահպանելն է…»:

Հեղինակի հետ հարցազրույցները, որոնք տպագրվել են «Առավոտում», տեղ են գտել նոր ժողովածուում. «Լռությունը» փոքր-ինչ չափազանցված է» (07.06.2001), «Նավթը ջրից անտարակույս ավելի թանկ է, բայց ձուկը ջրում է ապրում» (13.02.2016), «Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է» (26.11.2017), «Մարդը չի կարող բացարձակապես «Կույր ու խուլ» լինել, եթե ապրում է հասարակության մեջ» (03.1.2017), «Ապրում եմ ընդհատված լուսանցքում, ծաղկից զատված բույրի գոյությամբ» (10. 12.2017), «Այն մարդիկ, ովքեր գողանում էին Կարսի բերդի թնդանոթների փականները, իրենց հայ չէի՞ն համարում» (01.04.2024), «Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին» (15.04.2024)…

Անատոլիի առանձին հրապարակումներից, որոնք լույս էին տեսել 2000-ականներին, արժե հիշատակել Երվանդ Քոչարին, Վահագն Դավթյանին, Մարտին Պետրոսյանին նվիրված հուշապատումները, հիշատակի գրությունները:

Գիրքն ուղեկցվում է նրբագեղ նկարներով, որոնք հեղինակել է Արման Վահանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728