Փետրվարի 14-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննեց Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լեւոն, Մանուշակ Ալիխանյանների եւ այլոց դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այն հայտնի է «Թեղուտի գործ» անվամբ:
Գործի քննության առիթը 2020 թվականի հուլիսի 8-ին (կապի կազմակերպությանը հանձնելու միջոցով) ներկայացված անհատական դիմումն է, որը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 21-ին: Հիշեցնեմ, որ ՍԴ 2021 թվականի հունվարի 19-ի ՍԴԱՈ-11 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր՝ լրացուցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը նախ վերսկսվում է, ապա նույն օրը կասեցվում, լրացուցիչ ապացույցների ձեռքբերմամբ պայմանավորված: Ի վերջո, երեք տարի անց՝ 2025 թվականի փետրվարի 10-ի ՍԴԱՈ-20 աշխատակարգային որոշմամբ այս գործի վարույթը վերսկսվում է: Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի եւ Լուսիկ Հոբոսյանի (թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործ) մասով, կարճվել է:
Պատասխանող կողմը ՀՀ Ազգային ժողովն էր՝ ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանը:
Դիմողների ներկայացուցիչներն էին փաստաբաններ Կարեն Թումանյանը, Մերի Կարապետյանը, որոնք նշել էին, որ իրենց վստահորդները բնակվում են Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքներում եւ Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1279-Ն որոշմամբ Լոռու մարզի Թեղուտի եւ Շնողի գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող, իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Կառավարության հիշյալ որոշմամբ հողամասերի ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա որոշմամբ՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» ՓԲ ընկերությունը. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը որպես ձեռք բերող է ընտրել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Կարդացեք նաև
Դիմումատու կողմը նաեւ նշել էր, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության եւ պետության կարիքների համար) համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով. դատարանի կողմից կայացված վճիռներով:
ՍԴ-ն 63 էջանոց որոշումը արդեն իսկ հրապարակել է, համաձայն որի՝ 1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական եւ համարժեք փոխհատուցման որեւէ սկզբունքի՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը ճանաչվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր:
Նիստը նախագահող Արման Դիլանյանը տեղեկացրել է, որ կա ՍԴ դատավորի մեկ Հատուկ կարծիք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.02.2025