«Առավոտի» զրուցակիցն է Արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը։
-Պարոն Ավանեսյան, եթե համեմատում ենք հայ ժողովրդի ներուժը 1988-ին եւ այսօր, ի՞նչ զուգահեռներ կան։ Որքանո՞վ է իրատեսական այսօր նորից համախմբվել ու կրկնել հաղթանակները։
-Նախ այսօրվա եւ 1988-ի ժողովրդի արժեհամակարգը պետք է համեմատենք։ Տպավորություն է, որ հաղթանակից հետո՝ անցած 25-30 տարիներին, մեր ազգի արժեհամակարգը, մանավանդ այս վերջին կորուստների հետեւանքով, շատ է փոխվել։ Ամենավտանգավորն այն է, որ պետական քարոզչությունն է այդ ուղղությամբ աշխատում։ Այն ժամանակ եւս Արցախում եղել է վառ արտահայտված քարոզչություն՝ հիմնականում իշխանության կողմից։ Շարժման առաջնորդներին էին փորձում փոխարինել իրենց լոյալ անձանցով։ Հետո, երբ ժողովրդի ճնշումն ու ներուժը տեսան, իրավիճակը փոխվեց։
Մեր ազգի արժեհամակարգի քանդման պատճառն այն էր, որ Շարժման մասնակցիները կամ հաղթական պատերազմում ողջ մնացածներն իրենց ներդրած լումայի դիմաց իրենք էին որոշում, թե ազգն իրենց ինչքան է պարտք։ Ազգ ասելով՝ նկատի ունեմ նաեւ պետությունը։ Եվ բյուջեի թալանը, մնացած գործողությունները հենց այդ համատեքստում էին, որ իրենք մի բան արել են, իրավունք ունեն թալանեն, որը եւ անվտանգության վրա է ազդել, եւ մարդկանց արժեհամակարգի վրա։ Եվ բնական է, որ այդ իրավիճակում ժողովուրդը պետության ու իշխանության հանդեպ արդեն ուրիշ կերպ էր տրամադրվում։ Եվ դա վերաբերում է Հայաստանի բոլոր ղեկավարներին։
Կարդացեք նաև
Այսօր ժողովրդի մեծ մասն իրենց դարդերով է զբաղված, իրենց օրվա պրոբլեմների համար փորձում են մեղավորներ գտնել։ Եվ իշխանություներին ինչ-որ կերպ հաջողվում է ժողովրդին այդ վիճակում պահել։ Եթե մենք փորձենք միավորել ու համաժողովրդական շարժում ստեղծել, դա այսօր երեւի անհնարին է։ Բայց կարեւոր կլինի, որ գոնե քաղաքական դասն այս հարցում միաբեւեռ լինի, միատեսակ մտածի, որ Արցախի հարցը Հայաստանի փրկությունն է։ Արցախն ինքը Հայաստանի փրկությունն է, ինչպես 1988-ին է Հայաստանը փրկել։ Այն, ինչ կատարվեց Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին, երբ Արցախը մասնատեցին, այն ժամանակ եւս դա անում էին։ Հադրութի շրջանում ենթաշրջան գնալու համար մենք անցնում էինք Ֆիզուլիով եւ Ջաբրայիլով։ Կիսում էին տարածքները, ադրբեջանական գյուղերով էինք տեղաշարժվում։ Նույնը Հայաստանում էր կատարվում, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը շատ կարճատես էր, չէր նկատում այդ ամենը՝ Վայքը, Արարատի մարզի գյուղերը, Սյունիքը արդեն ադրբեջանացված էին, սեպերով արդեն ադրբեջանաբնակ համայնքներ էին ստեղծում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հովանավորությա՞մբ էր դա, թե՞ չէին հասկանում։
Ես կրկնում եմ՝ ինչպես 1988-ին է Շարժումը փրկել Հայաստանը, նույնն էլ Արցախի հարցը հիմա կարող է փրկել Հայաստանը։ Հետագայում արդեն վերադարձի հարցը կքննարկվի, եւ համոզված եմ, որ դա լինելու է։ Բայց այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, Հայաստանի փրկությունն Արցախի հարցից կպնելն է։ Հայաստանի իշխանությունները պետք է Արցախի հարցն անընդհատ առաջ քաշեն։ Վերջին հայտարարությունները, թե իբր արցախցիները չեն կռվել, արեցին մարդիկ, որոնք երեւի թե ռազմաճակատին 5 կմ-ից մոտ չեն գնացել։ Պետք է սթափվենք, ազգը պետք է սթափվի ու հասկանա սա, որ Արցախի հարցը Հայաստանի փրկությունն է։
-Եթե պետական մակարդակով այդ աշխատանքը չի տարվում, մարդիկ ի՞նչ կարող են անել։
-Կան քաղաքական կուսակցություններ, շարժումներ։ Շատ լավ է, որ քաղաքականությանը մասնակցելու հայտ ներկայացրած ահագին երիտասարդներ հասկանում են այդ ամենը։ Դա ինչ-որ կերպ մեզ ոգեւորում է, որ ամեն ինչ կորսված չէ։ Բայց նորից եմ ասում, ներուժ կա։ Արցախում ծառայածների երեւի 90 տոկոսը հասկանում է, թե դա ինչ է։ Երեւի մի 10 տոկոսն է իբրեւ նեղված, բայց այդ նեղվածությունը Հայաստանի բանակում 10-20 տոկոս է կազմում, այնպես չէ, որ Ղարաբաղում են ծառայել, ղարաբաղցիներից են նեղվել, դա իրենց էությունն է։ Արցախում ծառայածների 90 տոկոսը Արցախում ընկերներ են ձեռք բերել, եւ ում հետ խոսում եմ, այդ դարդը մեջները կա։ Զոհվածների հարազատները նույնպես կցանկային, որ իրավիճակը փոխվեր, քանի որ կա գիտակցությունը, որ իրենց հարազատներն իզուր չեն զոհվել։
Այսինքն՝ ներուժ կա, բայց այնպես չէ, ինչպես եղել է 1988 թվականին։ Այդ ներուժի հիման վրա այսօր բավական մեծ շարժում կարելի է կազմակերպել, բայց դա պետք է անեն Հայաստանի քաղաքական ուժերը։ Այդ սեւ-սպիտակը, որը ձեւավորվել է 2018 թվականից հետո, այսօր արցախցիների վրա են տարածում։ Հիմա, հենց արցախցիները թեկուզ իրենց սոցիալական խնդիրներից են խոսում, անընդհատ փորձում են այդ սեւ-սպիտակ գույներից խոսել եւ արցախցիներին նորից սեւի տակ գցել։ Դա եւ արցախցիների համար է ցավալի, եւ Հայաստանի համար է շատ վտանգավոր։ Արցախցիներն ամենամեծ ներուժն են՝ Հայաստանն այս վիճակից հանելու համար։
Հայաստանի իշխանությունները շատ ուժեղ խաղաքարտեր ունեն՝ արցախցիների իրավունքներից, Ադրբեջանից 1990-ականներին արտաքսված հայերի իրավունքներից պետք է խոսեն։ Զարմանում եմ, որ այդ ներուժը չի օգտագործվում։ Օրինակ՝ երբ Ալիեւն ասում է՝ «ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան», Հայաստանի իշխանություններն էլ պետք է բարձրացնեն հայերի վերադարձի հարցը։ Այդ դեպքում Ալիեւի բոլոր նարատիվները կզրոյացվեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.02.2025